211652_close_icon
views-count7089 դիտում article-date 15:18 07-05-2018

ԱԻՆ հրշեջ-փրկարարական մեքենաները հերթապահելու են Հանրապետության հրապարակում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մայիսի 7-ին Հանրապետության հրապարակում հերթապահելու են ԱԻՆ հրշեջ-փրկարարական մեքենաները՝ երաժիշտ Սերժ Թանկյանի ելույթով պայմանավորված մարդկային զանգվածային կուտակումների հետ կապված: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԻՆ հայտարարության մեջ ասվում է. «Այսօր՝ մայիսի 7-ին, մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը. հաշվի առնելով այս կապակցությամբ Հանրապետության հրապարակում սպասվող հավաքի ընթացքում մարդկանց զանգվածային կուտակումները՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել զգուշություն: Զանգվածային հավաքների ընթացքում խորհուրդ է տրվում. -մանկահասակ երեխաների թողնել տանը. -չվերցնել կտրող-ծակող կամ ապակյա իրեր, ձեռքի պայուսակ և չկապել փողկապ. -հետն ունենալ խմելու ջրի պաշար՝ ոչ ապակյա (պլաստիկ) շշով. -մասնակիցներից որևէ մեկի ինքնազգացողությունը վատանալու դեպքում հնարավորինս արագ ազատել հարակից տարածքը՝ ապահովելու համար թթվածնի ազատ հոսքն ու բժիշկների մուտքը՝ օգնություն ցուցաբերելու համար: Խնդրում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ցուցաբերել զգուշություն և հնարավորիս զերծ մնալ ցանկացած տիպի հրագործական միջոցների կիրառումից, քանի որ դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, հատկապես, եթե մարդկանց հագին կա սինթետիկ, դյուրավառ հագուստ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետության հրապարակում տեղադրվող բեմահարթակի մոտակայքում հերթապահելու է 3 հրշեջ-փրկարարական ավտոմեքենա»: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և աշխարհահռչակ System of a Down ռոք-խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը ելույթ են ունենալու մայիսի 7-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում։ Ի պատասխան հայ օգտատերերի շրջանում տարածված այն տեղեկատվության, թե Սերժ Թանկյանը պատրաստվում է նաև համերգով հանդես գալ, երաժիշտը գրառում է կատարել Instagram-ի իր էջում՝ ասելով, որ որևէ համերգ չի լինելու:

Նմանատիպ նյութեր