211652_close_icon
views-count9427 դիտում article-date 23:20 27-04-2018

Մալթայում Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ երիտասարդ սերնդի լավագույն ջութակահարներից Ռեյ Չենը

Ապրիլի 26-ին Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի ծրագիրը շարունակել է ավստրալիացի հանրահայտ ջութակահար Ռեյ Չենը։ Նա հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ներկայացնելով Ալեքսեյ Շորի «Ծովային բնապատկերներ» ստեղծագործությունը՝ գրված ջութակի և նվագախմբի համար։ Համերգի ընթացքում դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց նաեւ Բեդրժիխ Սմետանայի «Վլտավա» սիմֆոնիկ պոեմը, Գեորգ Պելեցիսի «Endorphin Music» կոնցերտը, Ժոզեֆ Վելլայի «Rebbieha» սիմֆոնիկ պոեմը, Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա պալատը» բալետի նախերգանքը։ Ռեյ Չենը, խոսելով Ալեքսեյ Շորի ստեղծագործության մասին, նշեց, որ առաջին անգամ է Մալթայում, ցանկանում է շատ բան տեսնել, եւ իր վրա առանձնակի տպավորություն է թողել Մդինան՝ Մալթայի հինավուրց մայրաքաղաքը։ Կղզուց ստացած տպավորությունները, ըստ ջութակահարի, շատ կարեւոր են Ալեքսեյ Շորի մտահղացումներն արտահայտելու համար։ «Շորի «Ծովային բնապատկերները» հրաշալի ստեղծագործություն է, կարծում եմ՝ այս ցիկլը շարունակություն է ունենալու։ Ստեղծագործությունը պատմում է օվկիանոսի գեղեցկության, այնտեղ առկա երանգների, տրամադրությունների, հույզերի մասին։ Ես զգում եմ ռուսական ազդեցությունն այս երաժշտության վրա, հատկապես Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Պրոկոֆեւի, զգում են այս մեղեդու ռուսական հոգին՝ իհարկե պարուրված միջերկրածովյան ազդեցությամբ։ Այս ստեղծագործությունը փոխանցում է առանձնահատուկ մթնոլորտ։ Սա մեր ժամանակների, մեր օրերի երաժշտություն է»,- ասաց ջութակահարը։ Ի դեպ, Ռեյ Չենը նաեւ հայտնի բլոգեր է։ Լրագրողի հարցին՝ ի՞նչն է երաժշտին մղում համացանց, ջութակահարը նշեց, որ այդպիսով նա հանրայնացնում է դասական երաժշտությունը, փորձում է հատկապես երիտասարդ սերնդին հասցնել դասական երաժշտության գեղեցկությունն ու կարեւորությունը. «Դասական երաժշտությունը փողոցում չես կարող ներկայացնել, այն այլ ձեւաչափ ունի։ Նրա մասին պետք է պատմել մարդկանց ու հետաքրքրել նրանց։ Ես զբաղվում եմ հենց դրանով»։ Խոսելով փառատոնի վերաբերյալ իր տպավորությունների մասին՝ Ռեյ Չենը պատասխանեց, որ բոլոր առումներով սա հիանալի նախաձեռնություն է։ Իսկ իր կարծիքը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասին Ռեյ Չենը ներկայացրեց այսպես. «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում հիանալի, զգայուն երաժիշտներ են։ Ֆանտաստիկ զգացողություններ ունեմ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ աշխատանքից։ Ամեն ինչ շատ տպավորիչ է՝ նոր ընկերներ, նոր զգացողություններ, նոր փորձ»։ Համերգը կայացավ ջերմ մթնոլորտում՝ դրական ու գեղեցիկ հույզեր պարգեւելով ունկնդիրներին։ Որպես բիս Ռեյ Չենը նվագախմբի հետ կատարեց նաեւ «Շինդլերի ցուցակը» ֆիլմի՝ Ջոն Ուիլյամսի հեղինակած երաժշտությունը։ Հիշեցնենք, որ այս օրերին Վալետայում անցկացվող Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փառատոնի պաշտոնական նվագախումբն է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր