211652_close_icon
views-count11356 դիտում article-date 22:46 21-04-2018

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգով Մալթայում նշանավորվեց Սերգեյ Ռախմանինովի 145-ամյակը. ՖՈՏՈՇԱՐՔ

Ապրիլի 20-ին Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը նվիրված էր ռուս մեծ կոմպոզիտոր եւ դաշնակահար Սերգեյ Ռախմանինովի 145-ամյակին։ Երեկոյի ընթացքում հնչեցին Ռախմանինովի Վոկալիզը սիմֆոնիկ նվագախմբի համար, Ռապսոդիան՝ գրված Պագանինիի թեմայով (մենակատար՝ Նիկոլայ Լուգանսկի) եւ Սիմֆոնիկ պարերը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ռուս մեծահամբավ դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին, ով տարեկան ավելի քան 100 համերգ է ունենում աշխարհի տարբեր ծայրերում, լրագրողներին պատմել է, որ երբ առաջին անգամ լսել է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի մասին, հաճելիորեն զարմացել է նախագծի մասշտաբայնությունից, փառատոն, որ փոքրիկ այս կղզում է համախմբում համաշխարհային մեծության երաժիշտների։ «Երբ ինքս ինձ համար բացահայտեցի այս փառատոնը, տեսա մասնակիցներին՝ Մաքսիմ Վենգերով, Գրիգորի Սոկոլով, պարզապես ցնցված էի։ Եվ հիմա ուրախ եմ, որ կարող եմ լինել այստեղ եւ մասնակցել այս նախագծին»,- ասաց դաշնակահարը։ Նիկոլայ Լուգանսկին, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ Ռախմանինովի ստեղծագործական կյանքը սովորաբար բաժանում են երկու շրջանի, նրա ստեղծագործությունների մեծ մասը գրված է Ռուսաստանում։ Բայց Պագանինիի թեմայով գրված ռապսոդիայում, որը նա թղթին է հանձնել 1934 թվականին Շվեյցարիայում, նկատելի է ամերիկյան ազդեցությունը, մասնավորապես՝ ջազային երանգները։ Ռախմանինովի երաժշտությունը հեղինակի կենսագրության մի մասն է։ Նա մեծագույն կոմպոզիտոր է, բայց դաշնակահարի նրա կարիերան սկսեց այն բանից հետո, երբ լքեց Ռուսաստանը եւ հաստատվեց Ամերիկայում։ Հենց այնտեղ նա դարձավ ամենահայտնի կատարողներից մեկը։ Նիկոլայ Լուգանսկին առաջին անգամ է հանդես գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նրա խոսքով՝ երաժիշտների համար տարբեր նվագախմբերի հետ հանդես գալը հնարավորություն է երաժշտության ընկալումները կիսել վերջիններիս հետ։ «Մենք վստահ ենք, որ այդ սիմբիոզը կհաջողվի եւ դուր կգա հանդիսատեսին։ Ես ուրախ եմ հանդիպել այս նվագախմբին ու Սերգեյ Սմբատյանին։ Ես միայն լավ բաներ կարող եմ ասել հայկական այս կոլեկտիվի եւ նրա ղեկավարի մասին»,- համերգից առաջ նշել է դաշնակահարը։ Ի դեպ, երեկ փառատոնի շրջանակներում կայացել է եւս մեկ համերգ՝ «Եվրատեսիլի» հայ եւ մալթացի երգիչների մասնակցությամբ։ Հայաստանից այդ համերգին մասնակցել են Հայկ Հակոբյանը (Հայկո) եւ Դալիթա Ավանեսյանը։ Հիշեցնենք, որ այս օրերին Վալետայում Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվում է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որի պաշտոնական նվագախումբը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է։ Մինչեւ ապրիլի 30-ը փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաեւ Հայաստանի մշակույթի օրեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր