211652_close_icon
views-count4099 դիտում article-date 17:12 19-03-2018

Արմեն Ամիրյանը Բրյուսելում կստորագրի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի մասնակցության հուշագիրը

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մարտի 20-ին Բրյուսելում կստորագրի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև կնքվող այս փաստաթուղթը Եվրամիության կողմից կստորագրի Կրթության, երիտասարդության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնակատար Թիբոր Նավրակսիկսը: «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակային նախագիծը մեկնարկել է 2014 թվականին: Բաղկացած է երկու՝ «Մեդիա» և «Մշակույթ» բաղադրիչներից, նախատեսված է 2014-2020 թվականներին իրականացնելու համար: ՀՀ մշակույթի նախարարությունը միանում է ծրագրի «Մշակույթ» բաղադրիչին: Նախագիծը ԵՄ մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է այս պահին: «Ստեղծագործ Եվրոպա» շրջանակային նախագծի «Մշակույթ» բաղադրիչին միանալը Հայաստանի մշակութային ոլորտի կազմակերպություններին հնարավորություն կտա ակտիվորեն ներգրավվելու եվրաինտեգրման գործընթացին, իրականացնելու դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության և կերպարվեստի ոլորտներում: Բրյուսելում նախարար Ամիրյանը հանդիպելու է նաև ԵՀ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի գլխավոր տնօրինության ղեկավար Թեմիս Քրիստոֆիդուի հետ:

Նմանատիպ նյութեր