211652_close_icon
views-count4992 դիտում article-date 10:42 16-03-2018

Բթամիտ անհանդուրժողականության թույնը խրախուսում է ապակառուցողական բնազդները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Երկիր ծիրանի»-ն ցանկանում «Մարտի 1»-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կառուցել: Ընդհանուր առմամբ վատ գաղափար չէ, բայց պետք է նախ որոշել այդ հուշարձանի հայեցակարգը, այսպես ասած՝ գաղափարախոսությունը: Հուշարձանը կառուցելու անհրաժեշտության հիմնավորման մեջ «Ծիրանին» հիշեցնում է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, և որ ժամանակին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ասել է՝ «հարյուր տոկոս էլ հավաքեք, միևնույն է՝ իշխանությունը չեն տա»: Այդ հիմնավորումն առաջացրել է «Հանրապետություն» կուսակցության գործիչներից մեկի ցասումը, որի կարծիքով՝ եթե Զարուհի Փոստանջյանը նման բան է ասում, ուրեմն նա դրանով ուզում է մաքրել «Մարտի 1-ի» խարանը Ռոբերտ Քոչարյանի վրայից: Մեկը մյուսից կարծես թե առանձնապես չի բխում, բայց այստեղ աչքի է զարնում, որ հուշարձանի հիմքում սխալ հայեցակարգ է դրված՝ հայեցակարգ, որը հիմնված է իրար մեղադրելու, կշտամբելու վրա: Եթե առաջին իսկ նախադասությունից սուր բանավեճ է առաջանում՝ «դավադրության տեսության» տարրերով, ուրեմն այդ հայեցակարգն անպետք է: Նիկոլ Փաշինյանը մեղադրում է Քոչարյանին, երկրորդ նախագահն էլ (Վիկտոր Սողոմոնյանի շուրթերով) պատասխան մեղադրանք է ուղղում Փաշինյանի հասցեին՝ «անկարգությունների սադրիչ»: Նման տրամադրություններով ոչինչ չի ստացվի: Իսկ ո՞ր դեպքում է կառուցվելու այդ հուշարձանը, եթե դրա տակ հասկանանք ոչ թե քարի կտոր, այլ մեր նորագույն պատմության այս ամոթալի էջը շրջող և դեպի ապագա դուռ բացող մի կառույց: Հասկանում եմ, որ իմ պատասխանը շատ-շատերին դուր չի գա, բայց ինձ թվում է՝ դա տեղի կունենա այն դեպքում, երբ կողմերն ընդունեն իրենց պատասխանատվության չափը և դադարեն իրար մեղադրելուց: Խոսքն, իհարկե, քրեական գործընթացի մասին չէ (հանցագործություն կատարածները, միևնույն է, պետք է պատժվեն), այլ քաղաքական որոշման, որը պետք է ընդունեն բոլոր նախկին և ներկա իշխանությունները, ինչպես նաև բոլոր նախկին ու ներկա ընդդիմությունները: Նրանց սուր բանավեճը և անզիջում պայքարը պետք է շարունակվի, բայց նրանք չպիտի դարձնեն «Մարտի 1-ը» և մարդկային կորուստները իրար բարոյապես ոչնչացնելու հարթակ: Հասարակության մեջ ներարկելով բթամիտ անհանդուրժողականության թույնը՝ մեր քաղաքական վերնախավը խրախուսում է ապակառուցողական բնազդները: ․․․ Վերջերս ինձ փողոցում «բռնացրեց» հերթական բողոքող քաղաքացին: Նրա կցկտուր բացականչություններից ես հասկացա, որ նա բողոքում է հիմնականում․․․ Լևոն Տեր-Պետրոսյանից: Երբ ես խնդրեցի կոնկրետացնել իր դժգոհությունը 20 տարի առաջ իշխանությունից հեռացած նախագահից, պարզվեց, որ առաջին նախագահի գլխավոր մեղքն այն է, որ նրա կինը հրեա է, իսկ հրեաները, ըստ իմ զրուցակցի, շահագրգռված են Հայաստանը քանդելու մեջ: Այդպիսի ողբալի մտավոր մակարդակով ոչ մի հուշարձան չի կառուցվի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր