211652_close_icon
views-count3972 դիտում article-date 15:26 18-01-2018

Ճանապարհաշինության և հիմնանորոգման ոլորտում նախաորակավորման ինստիտուտ կներդրվի

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ճանապարհաշինության և հիմնանորոգման ոլորտում նախաորակավորման ինստիտուտ ներդնել: «Ներկայումս գործող կարգավորումների արդյունքում ճանապարհաշինության և ճանապարհների հիմնանորոգման ոլորտում գնումների գործընթացն իրականացվում է առանց նախաորակավորման փուլի, ինչի արդյունքում նախագծային, տեխնիկական հսկողության և շինարարական աշխատանքները գործնականում առաջացնում են որոշակի խնդիրներ։ Նման խնդիրների ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով միջազգային փորձում գնումների գործընթացում լայնորեն կիրառվում է նախաորակավորման ինստիտուտը»,- ասել է վարչապետը: Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆինանսների նախարարներին, ինչպես նաև քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ճանապարհաշինության և ճանապարհների հիմնանորոգման ոլորտում, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ պետական գնումների այլ ոլորտների համապատասխան գործընթացում նախաորակավորման ինստիտուտը ներդնելու վերաբերյալ առաջարկություններ։ «Այս մոտեցմանը հիմնականում դեմ է ֆինանսների նախարարությունը՝ ասելով, որ հնարավոր է էժան լուծումները բաց թողնենք: Բայց մենք առանց նախաորակավորման ունենք փաստեր, երբ տենդերը հաղթում է անհասկանալի կառույց, որը համապատասխան հմտություններ չունի: Մենք պետք է այս երկու մոտեցումների մեջ լավագույն կետը գտնենք: Մյուս կողմից էլ պետք է հասկանանք, թե ում հետ ենք գործ բռնում և ինչ լուծումներ ենք ակնկալում նրա աշխատանքներից »,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր