211652_close_icon
views-count4781 դիտում article-date 22:30 17-01-2018

Ոլորտին ցուցաբերվող աննախադեպ ուշադրությունն ու աջակցությունը մոտ ապագայում կտան իրենց դրական արդյունքը. Գինեգործներ

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփել է 2017 թվականը և գինեգործների հետ քննարկել 2018-ի ծրագրերը: Հիմնադրամը հանդիպում է ունեցել գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել գինեգործական ընկերություններին նախորդ տարվա համագործակցության համար և նշել, որ հիմնադրամը բաց է բոլոր արտադրողների համար և պատրաստ է աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված գաղափարներին` ընդգծելով, որ ընթացիկ տարում ակնկալում է ավելի բարձր ակտիվություն և հետևողականություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017-ին իրականացված ծրագրերը և դրանց արդյունքները: Ընկերություններին է ներկայացվել 2018-ի գործողությունների պլանի նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի հոգաբարձուների խորհրդի հավանությանը: Անդրադարձ է կատարվել 2018 թվականի փետրվարի 5-9-ը Մոսկվայում կայանալիք ՊրոդԷքսպո 25-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության մանրամասներին, քննարկվել են միասնական հայկական տաղավարի կառուցապատման, ընկերությունների տեղաբաշխման, գինիների բեռնափոխադրման հարցերը և այլն: Շահագրգիռ քննարկում է ծավալվել նաև խաղողի այգիների կադաստրի և աշխարհագրական մակնշմամբ գինիների համակարգերի ներդրման շուրջ: Զարուհի Մուրադյանը նշել է, որ 2018-ին հիմնադրամի թիրախում լինելու է խաղողագործությունը, երկրում այս ուղղությամբ գիտական ներուժի բարելավումը, քանի որ հենց վերոնշյալ խնդիրների կարգավորումն է, որ կարող է բերել գինու որակի բարելավմանը, ոլորտի արդյունավետ կառավարմանն ու վերահսկողությանը: Գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները կարևորել են պետական աջակցությունն ի դեմս հիմնադրամի գործունեության՝ ընդգծելով, որ ոլորտին ցուցաբերվող աննախադեպ ուշադրությունն ու աջակցությունը մոտ ապագայում կտան իրենց դրական արդյունքները: Ամփոփելով հանդիպումը՝ Զարուհի Մուրադյանը բարձր է գնահատել հիմնադրամ-խաղողագործ-արտադրող բաց և թափանցիկ գործընկերային հարաբերությունները, հետադարձ կապի ապահովումը՝ ի նպաստ ոլորտի զարգացման: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր