211652_close_icon
views-count10719 դիտում article-date 12:35 30-12-2017

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի շնորհավորական ուղերձը՝ Ամանորի և Սուրբ Ծննդան տոների կապակցությամբ

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ձեզ հետ միասին ամփոփում ենք մեր անկախ տարեգրության ևս մեկ էջ՝ հագեցած նոր ձեռքբերումներով, երկրի անվտանգության ու ապահովության բարձրացման վճռական նախաձեռնություններով և համահայկական միասնության ամրապնդման հետևողական քայլերով: 2017 թվականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համար արդյունավետ էր թե՛ օրենսդրական աշխատանքի, թե՛ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ներդրված ջանքերի տեսանկյունից: Նոր Սահմանադրության ընդունմամբ վերահաստատեցինք ժողովրդավարական երկիր զարգացնելու և հայրենիքի անվտանգության համակարգը կատարելագործելու մեր վստահ դիրքորոշումը: Որպես սահմանադրական գործընթացների շարունակություն՝ մեկնարկեցինք երկրի ներքին օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործը: Ազգային ժողովում հյուրընկալեցինք մի շարք միջազգային պատվիրակությունների` հիմք դնելով խորհրդարանական համագործակցության նոր ուղղությունների և ուրվագծելով գալիք տարվա անելիքների ծրագիրը: Անցնող տարին մեր ժողովրդի պատմության մեջ նշանավորվեց նաև Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման քառորդդարյա հոբելյանով, ինչը հրաշալի առիթ էր՝ վերստին արժևորելու մեր հերոսական բանակի անցած ճանապարհը և ընդգծելու հայրենիքի պաշտպանի սուրբ դերակատարությունը: Թանկագի՛ն հայրենակիցներ, Գալիք 2018 թվականին` արցախյան ազգային ազատագրական պայքարի երեսնամյա տարեդարձին, անկախ մեր համոզմունքներից, մեր միասնությունն ավելի ամուր պիտի լինի, ձեռքբերումները՝ ապագային ուղղված, հաղթանակները՝ շարունակական: Մաղթում եմ բոլորիս առողջություն, բարօրություն և անկոտրում կամք՝ հանուն Արցախի, մայր հայրենիքի և համայն հայության հավաքական ուժի զորացման: Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Նմանատիպ նյութեր