211652_close_icon
views-count3828 դիտում article-date 18:24 18-12-2017

Դավիթ Թորոսյան. 2017-ը լավ տարի էր հայկական բռնցքամարտի համար

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը ՀԱՕԿ լրատավականի հետ զրույցում ամփոփեց մրցաշրջան 2017-ի արդյունքները. - Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ տարին շատ լավն էր հայկական բռնցքամարտի համար: Արդյունքները ցույց են տալիս, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում: Խոսքը միայն Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Բաչկովի հաղթանակի և աշխարհի առաջնությունում բրոնզ նվաճելու մասին չէ: Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում Արթուր Հովհաննիսյանը և Նարեկ Մանասյանը դարձան բրոնզե մեդալակիրներ: Մեր բռնցքամարտիկները մրցանակային տեղեր զբաղեցրին տարբեր միջազգային մրցաշարերում, այդ թվում նոյեմբերի սկզբին Լեհաստանում կայացած ներկայացուցչական մրցաշարում՝ երեք ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Այս հաջողությունների հետևում մեր ամբողջ թիմի մեծ աշխատանքն է: Մարզչական ծրագրերս աշխատում են և արդյունքներ տալիս: Տղաները հաճույքով են մարզվում, որովհետև զգում են անհատական առաջընթացը: Անգամ այն մարզիկներին, որոնք ընդգրկված չեն հավաքականի կազմում, թույլատրել եմ հաճախել մարզումների: Դռները բաց են բոլորի առջև: Կարևորը ցանկությունն է և աճելու ձգտումը: [b]- Դուք և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարությունը հաճախ եք մարզադպրոցներում մարզչական աշխատանքի հետ կապված խնդիրներ բարձրացնում: Դժգոհ եք, թե ինչպես են տեղի մասնագետները պատրաստում բռնցքամարտիկների: Հնարավո՞ր է մարզիչների աշխատանքի որակավորման քննությունը, որի մասին խոսում էր ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանը, դրական ազդեցություն ունենա:[/b] - Նրա հետ քննարկել ենք այդ հարցը: Կարծում եմ, ինչ-որ չափով՝ այո: Մեր մարզիչների մեջ արմատապես խորացել են հին կարծրատիպերը, որոնք խանգարում են ճիշտ աշխատել և արդյունքներ տալ: Նրանք կարծում են, թե ամեն ինչ գիտեն, մինչդեռ իրականում դա այդպես չէ: Այդ ճանապարհը հայկական բռնցքամարտը տանում է փակուղի: Մոդելը, որն ընդունել եմ որպես հիմք, աշխատում է և արդյունքներ տալիս: Նոր հեծանիվ չեմ հայտնաբերել: Պարզապես կիրառում եմ ժամանակակից մեթոդներ: Ափսոս, որ շատ մարզիչներ շարունակում են անցյալով ապրել, չհասկանալով, որ միջազգային բռնցքամարտը վաղուց առաջ է շարժվել: Լավ է, որ երիտասարդ մարզիչներն, ի տարբերություն ավագ գործընկերների, ցանկանում են սովորել և բացահայտել նորը: Կարծում եմ՝ ապագայում մենք որակյալ մասնագետներ կունենանք, որոնք ժամանակին համընթաց կքայլեն: [b] - Տարեվերջին հավաքականներում մարզչական կադրերի փոփոխություններ կատարվեցին, իսկ Դուք մնացիք Ձեր պաշտոնում: Դա նշանակու՞մ է, որ ՀԲՖ նախագահը գոհ է Ձեր աշխատանքից և շարունակում է վստահել Ձեզ:[/b] - Արթուր Գևորգյանը լուրջ բռնցքամարտիկ է եղել՝ Օլիմպիական խաղերի մասնակից: Ոչ բոլոր ֆեդերացիաներում է ղեկը նման պրոֆեսիոնալի ձեռքում: Նա շատ ուշադիր է մարզչական գործընթացի նկատմամբ և հստակ գիտի խնդրի արմատը: Ժամանակակից բռնցքամարտի վերաբերյալ մենք ընդհանուր հայացքներ ունենք: Իմիջիայլոց, Լեհաստանում ունեցած վերջին առաջնությունում մեր ֆեդերացիայի նախագահն անձամբ էր գլխավորում թիմը՝ գտնվելով մարզչական անկյունում: Արդյունքը հայտնի է ձեզ: Շատ ուրախ եմ, որ նա այդքան խորն է ներգրավված մարզչական գործընթացում: Դա պատիվ է բերում նրան: [b]- Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականի առաջատարների մուտքը պրոֆեսիոնալ ռինգ:[/b] - Իհարկե դրական: Պրոֆեսիոնալ բռնցքամարտը մեծ դեր է խաղում հայկական բռնցքամարտի զարգացման գործում: Տղաները, որոնք մտել են պրոֆեսիոնալ ռինգ, զգալիորեն առաջադիմել են: Օրինակ, նրանցից երկուսը Լեհաստանում ոսկե մեդալ նվաճեցին: Զուգահեռ կշարունակեն ներկայացնել մեր երկիրը սիրողական ռինգում: Գլխավոր նպատակը 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերն են: Պրոֆեսիոնալ բռնցքամարտն այդ նպատակի համար լրացուցիչ հնարավորություն է տալիս: Հավաքականում բոլորը հավասար հնարավորություններ կստանան: [b] - 2018 թվականին աշխարհի և Եվրոպայի առաջնություններ չեն անցկացվի: Ինչո՞վ եք զբաղվելու:[/b] - Սպասվում են Եվրոպայի մինչև 18 և 22 տարեկանների առաջնություններ: Ամեն դեպքում շարունակելու ենք մարզվել, հավաքներ անցկացնել, բարելավել հմտությունները, մասնակցել միջազգային մրցաշարերի: Մեծ աշխատանք է սպասվում: Հունվարի վերջին Ծաղկաձորում առաջին հավաքը կանցկացնենք ընդլայնված կազմով, որտեղ շեշտը կդրվի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա: Փետրվար ամսից միջազգային օրացույցից մրցաշարեր կընտրենք: Օրակարգում մրցաշարեր են Բուլղարիայում, Լեհաստանում, Սերբիայում, Վրաստանում և այլն: Չենք մոռանա նաև պրոֆեսիոնալ ռինգի մենամարտերի մասին: Հիմնական հավաքները կանցկացնենք Օլիմպավանում: Այնտեղ մեզ համար և ոչ միայն, ստեղծված են հեքիաթային պայմաններ: Շատ երկրներում եմ եղել, բայց մատների վրա կարելի է հաշվել վայրեր, որտեղ կան նման հրաշալի ենթակառուցվածքներ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ նման պայմաններ ստեղծելու համար: Մենք Օլիմպավանից կհեռանանք միայն մի դեպքում, եթե մեզ դուրս հանեն այնտեղից (խմբ.- ծիծաղում է): ևս մեկ անգամ շնորհակալություն պարոն Ծառուկյանին հայկական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Նմանատիպ նյութեր