211652_close_icon
views-count4428 դիտում article-date 13:50 14-12-2017

Կայացել է ՀՀ-ՌԴ միջև սննդամթերքի առևտրի զարգացման արդյունավետ մեխանիզմների ձևավորման աշխատանքային խմբի նիստը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է ՀՀ-ՌԴ միջև սննդամթերքի առևտրի զարգացման արդյունավետ մեխանիզմների ձևավորման աշխատանքային խմբի նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։ Նիստին մասնակցել են Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների, այլ պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգի «Ագրոպոլիս Հյուսիս-Արևմուտք» գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ բաշխման կենտրոնի, ռուսաստանյան «Ագրոպարկ մենեջմենթ» ընկերության, ինչպես նաև գնումների, լոգիստիկայի և շղթայի կառավարման ոլորտում մասնագիտացված LFA խորհրդատվական ընկերության պաշտոնյաներ։ Հովհաննես Ազիզյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ արտահանման ծավալների ավելացումը Հայաստանի տնտեսության կարևորագույն խնդիրներից է և կառավարության կողմից հետևողական աշխատանք է կատարվում հայկական ապրանքների արտահանման համար նոր հնարավորություններ գտնելու ուղղությամբ։ Փոխնախարարը գոհունակություն է հայտնել, որ այս խնդրի առնչությամբ ռուսաստանցի գործընկերների հետ կա փոխադարձ հետաքրքրվածություն և առաջարկել է նիստի ընթացքում մանրամասն քննարկել հնարավոր համագործացկության ձևաչափը։ LFA խորհրդատվական ընկերության գործընկեր կառավարիչ Անդրեյ Խլուսը հայ գործընկերներին մանրամասն ծանոթացրել է Ռուսաստանում ագրոլոգիստիկայի համակարգի զարգացման ընթացքին։ Այնուհետև Սանկտ-Պետերբուրգի «Ագրոպոլիս Հյուսիս-Արևմուտք» գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ բաշխման կենտրոնի գլխավոր տնօրեն, «Ագրոպարկ մենեջմենթ» ընկերության գործընկեր կառավարիչ Ալեքսեյ Յուրևը ներկայացրել է «Ագրոպարկ Սամարա» կառավարվող կենտրոնի նախագիծը։ Նշենք, որ կենտրոնի գործարկումը նախատեսվում է 2018 թվականի ամռանը։ Նիստի ընթացքում քննարկվել են «Ագրոպարկ Սամարա» կառավարվող կենտրոնի հենքի վրա սննդամթերքի առևտրի զարգացման արդյունավետ մեխանիզմների ստեղծման հեռանկարները։ Հետագա համատեղ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար, կողմերը պայմանավորվել են տրամադրել միմյանց անհրաժեշտ տեղեկատվություն։ Մասնավորապես հայկական կողմը կպատրաստի ռուսական կողմի հետ համագործակցելու ցանկություն հայտնած ընկերությունների տվյալները և արտահանման ենթակա գյուղմթերքի ու սննդամթերքի ցանկը, իսկ ռուսական կողմը կներկայացնի տեղեկատվություն գյուղմթերքի ու սննդամթերքի պահանջարկի վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են նաև առաջարկություններ փոխանակել հաջորդ նիստի օրակարգը կազմելու համար։

Նմանատիպ նյութեր