211652_close_icon
views-count5458 դիտում article-date 16:20 22-11-2017

«Դու ինչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում կկայանա արցախյան պատերազմի զոհերին և նրանց ծնողներին նվիրված «Կարոտի կանչով հերոսներիս հետ» խորագրով համերգ

«Դու ինչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում Նոյեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա արցախյան պատերազմի զոհերին և նրանց ծնողներին նվիրված «Կարոտի կանչով հերոսներիս հետ» խորագրով համերգ: Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ համերգի մանրամասների մասին պատմեցին ամերիկաբնակ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գործող «Կանթեղ» և «Տարոն» աշուղական երգչախմբերի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գևորգ Չաքմանյանը և Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի և երիտասարդական ծրագրերի բաժնի պետ Գրետա Մնացականյանը: Ողջունելով ներկաներին՝ նախաձեռնության հեղինակ Գևորգ Չաքմանյանը նշեց, որ դեռևս Լոս Անջելեսում է որոշում կայացրել Արցախյան հերոսամարտում և Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված համերգ կազմակերպել: «Եղբայրս ևս զոհվել է Արցախյան պատերազմում, և այդ կորուստի ցավը ապրել, զգացել է նաև իմ ընտանիքը: Ես լավ եմ հասկանում, որ դժվար է նման ցավը սփոփել, սակայն այս համերգը լինելու է հերոսների մեծարման և հաղթանակի երեկո, որին ներկա են լինելու նախևառաջ հերոս հայորդիների ծնողները: Իհարկե, մտավախություն ունեի, որ թերևս նրանք չեն ցանկանա համերգին մասնակցել, սակայն շատ ոգեշնչվեցի, երբ խոսեցի զավակ կորցրած շատ ծնողների հետ և հասկացա, որ նրանք պատրաստ են անպայման ներկա լինել համերգին»,-նշեց արվեստագետը: Նա ընդգծեց, որ համերգին ներկա գտնվելու ցանկություն են հայտնել նաև Հայաստանի հեռավոր մարզերի բնակիչներ: «Ես հպարտ եմ, որ այս համերգի շնորհիվ կկարողանանք որդեկորույս ծնողներին գոնե երկու ժամով կտրել առօրյա հոգսերից, մտորումներից, և ազգագարական երգի միջոցով ուժ հաղորդել նրանց: Համերգի հանդեպ առաջացած հետաքրքրությունը վկայում է, որ այն պետք է դառնա ավանդական ու ամենամյա բնույթ կրի»,-ընդգծեց Գևորգ Չաքմանյանը: Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի և երիտասարդական ծրագրերի բաժնի պետ Գրետա Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Գևորգ Չաքմանյանին նման նախաձեռնության համար և մաղթեց նորանոր հաջողություններ: Նշենք, որ համերգին Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի նվագակցությամբ ելույթ կունենան նաև Գևորգ Չաքմանյանի որդին՝ Ասատուր Չաքմանյանը, ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանը, ասմունքող Արսեն Ղազարյանը:

Նմանատիպ նյութեր