211652_close_icon
views-count83213 դիտում article-date 15:00 17-11-2017

Աբովյան քաղաքի Թիվ 6 ավագ դպրոցն անվանակոչվեց Ոստիկանության գնդապետ, դավադիր կրակոցից ընկած Արթուր Վանոյանի անվամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ավագ դպրոցներից մեկը անվանափոխվեց Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի անվամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աբովյան քաղաքի Թիվ 6 ավագ դպրոցում է սովորել և ավարտել Ա. Վանոյանը ու այսօր, ի պատիվ նրա, դպրոցը ոչ միայն անվանափոխվեց իր անվամբ, այլև դպրոցի ներսում բացվեց նրա մարմարե կիսանդրին: Բացման պատիվը տրված էր Ա. Վանոյանի հորն ու տղային: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, Ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանը, Ա.Վանոյանի աշխատակից ու զինակից ընկերները, հարազատները, դպրոցի շրջանավարտները, կոլեկտիվն ու սովորողները: Երևան քաղաքի Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Ս.Մարտիրոսյանը դպրոցին փոխանցեց 3 համակարգիչ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի պետ Անդրանիկ Իսկանդարյանն անդրադարձավ զինակցի կյանքին ու գործին. «Արթուր Վանոյանը հերոսաբար զոհվեց Հայրենիքի և իրավակարգի պաշտպանության՝ իրեն վստահված դիրքում: Չզիջեց, չընկրկեց, չնահանջեց, որովհետև նրան առաջնորդում էին սպայի պատիվն ու ոստիկանի կոչումը…»: Արթուր Վանոյանն իր ողջ կյանքով հավաստեց, որ տղամարդու և սպայի համար պատիվ է կյանքը վտանգել հանուն երկրի ու ժողովրդի, հանուն հազարավոր մարդկանց, որոնք վստահում ու հավատում են քեզ, հանուն երեխաների, որոնք ճշմարիտ քաղաքացի չեն դառնա առանց այդ հավատի: Արթուր Վանոյանը երբեք խույս չտվեց մահից՝ ո՜չ երկրի սահմանները պաշտպանելիս, ո՜չ հանցավորության դեմ պայքարում: Ու մահը նահանջում էր: Եվ թվում էր՝ միշտ է նահանջելու: Բայց, ավաղ, կատարվեց անկարելին… Երևանի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Մխիթարյանը ներկայացրեց համաքաղաքացու և ընկերոջ մարտական ուղին և առաքելության խորհուրդը. «Երբ սկսվեց Արցախյան շարժումը՝ լինելով ճակատի մի քանի հատվածներում՝ Լաչինի միջանցքում, Գորիսի տարածաշրջանում, որտեղ ազատագրական մարտերի մասնակից դարձավ, և Արծվաշենում, և Մարտակերտում, այդ ընթացքում նա առիթ ունեցավ շփվելու այն ժամանակ Արցախում մարտնչող ոստիկանական զորքերի հետ, և կարծում եմ, որ հենց այդտեղ էլ վճռվեց Արթուրի ճակատագիրը, և սկսած 1994 թվականից՝ նա այս համակարգում էր…»: Եվ գործընկերների ու ընկերների խոսքից կրկին հառնում էր Արթուր Վանոյանի պայծառ կերպարը՝ մարդու, քաղաքացու, սպայի, ում համար կյանքի գործ էր հայրենիքի պաշտպանությունը, երբ վտանգված էին մեր երկրի սահմանները, ում առաքելությունը հանցավորության դեմ պայքարն ու քաղաքացու իրավունքների պաշտպանությունն էր՝ իր կյանքը վտանգելու գնով: Անվանակոչության հանդիսավոր արարողությունն ավարտվեց ոստիկանության պատվո պահակախմբի ու զինվորական երգչախմբի ելույթներով: Հուզիչ էր Արթուր Վանոյանի կիսանդրու բացումը դպրոցի նախասրահում, որին ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհվեցին Հայաստանի ոստիկանության անունից: Մշտական ներկայություն կրթօջախի կյանքում և հիշեցում, որ կյանքը հայրենիքինն է, պատիվը՝ սպայինը, ապագան՝ երեխաներինը… Ոչ ոք չի մոռացվում ու չի մոռացվում ոչինչ, և խորհրդանշական է, որ հենց կրթօջա՜խն է կրելու Արթուր Վանոյանի անունը, և դպրոցի սաները սերնդեսերունդ փոխանցելու են նրա կյանքի ու սխրանքի հիշողությունը՝ տանելով դեպի ապագան, որի քաղաքացիներն են: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 428+
428+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր