211652_close_icon
views-count16669 դիտում article-date 10:24 16-11-2017

Ստամոքսի գաստրիտ կստանաս, լեղապարկի բորբոքում, ճնշումդ կբարձրանա, սոված կմնաս, փորդ կմաշի․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում պայքարի տրամաբանությունը հետևյալն է. եթե որևէ մեկը կամ մի քանի հոգի հացադուլ են հայտարարում, պնդելով, որ հացադուլը չեն դադարեցնի, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել, սովորաբար ոչ թե հայտնվում են համախոհներ, որոնք հայտարարում են, որ իրենք էլ են նույն պահանջներով միանում հացադուլին, այլ հայտնվում են համախոհներ և ոչ համախոհներ, որոնք հորդորում են անհապաղ դադարեցնել հացադուլը։ Պատճառաբանությունները սովորաբար լինում են հիմնավոր. ստամոքսի գաստրիտ կստանաս, լեղապարկի բորբոքում, ճնշումդ կբարձրանա, սոված կմնաս, փորդ կմաշի և այդպես շարունակ։ Նստացույցի դեպքում ամեն ինչ նույնն է, ախտորոշումներն են ուրիշ. գեմարոյ կստանաս, տուտուզի բորբոքում, պճեղախտ։ Թվում է, թե սա նորմալ, մարդասիրական մոտեցում է։ Բայց իրականում բացահայտում է հայկական իրականության անլրջությունը։ Եթե որևէ մեկը մեզանում հացադուլ է հայտարարել, բոլորի կանխավարկածն այն է, որ պահի տակ, առանց հասկանալու, առանց հաշվարկելու, տաքգլուխ, այսինքն՝ հիմարաբար է նման քայլի գնացել, ու հիմա հայոց թասիբին համապատասխան, պետք է ամեն ինչ անել տվյալ մարդուն այդ վիճակից հանելու համար։ Մեծ հաշվով այս տրամաբանությունն ընդունում են նաև հացադուլավորները, որովհետև Հայաստանի պատմության մեջ դեռ ոչ ոք հացադուլից չի մեռել, չնայած տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ հայտարարել են, թե հացադուլից դուրս չեն գա, մինչև իրենց պահանջը չկատարվի։ Պահանջները սովորաբար չեն կատարվում, բայց հացադուլավորները չեն մեռնում, որովհետև դադարեցնում են հացադուլը։ Ու սա դարձել է քաղաքական կուլտուրա։ Այս է պատճառը, որ ով ասես, ինչ առիթով ասես՝ հացադուլ է հայտարարում, որովհետև գիտի, որ հաջորդ պահին հայտնվելու են հարյուրավոր «մարդասերներ», ովքեր հացադուլը դադարեցնելու հորդորներ են անելու։ Ու այդ հորդորողները ոչ թե ջանք են գործադրելու, որ թեկուզ արդարացի առաջադրված պահանջը կատարվի, այլ որ հացադուլավորը հանկարծ ստամոքսի գաստրիտ չստանա։ Բայց ավելի լավ է թողնենք տխուր թեմաները և խոսենք լավ լուրերից։ Հայոց գիտության և պետականության ապագա հանդիսացող ուսանողները երեկ դադարեցրին ամեն ինչ. հացադուլ, դասադուլ, նստացույց։ Եվ դա տեղի ունեցավ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպումից հետո։ Իհարկե, դրանից առաջ մեր սիրելի ուսանողները գնացին ԱԺ-ի դիմաց և փակեցին Բաղրամյան պողոտան։ Հատուկ գնահատանքի է արժանի այն, որ ուսանողները սա արեցին ճիշտ ժամանակին, երբ «Զինվորական ծառայության մասին» օրենքը, որի դեմ նրանք բողոքում էին, արդեն իսկ ընդունվել էր ԱԺ-ում։ Վերջնականորեն։ Ոչ թե առաջին ընթերցմամբ, այլ վերջնականորեն։ Այսինքն՝ արդեն իսկ դարձել էր օրենք։ Ազնիվ լինելու համար պետք է խոստովանել, որ ուսանողները շատ չէին ուշացել, ընդամենը 45 րոպե։ Հետո եկավ Վալերի Օսիպյանը ու ոստիկանական ուժով բացեց Բաղրամյան պողոտան։ Ուսանողների համար սա անսպասելի էր, ու նրանք որոշեցին վճռական հակահարված տալ և գնալ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպելու։ Ուսանողների աշխատանքային այցը Ազգային ժողով չափազանց արդյունավետ ստացվեց։ Քանի որ իշխանություններն ընդունեցին նրանց ամենակոշտ պահանջը, այն է՝ կլոր սեղան անել և քննարկել, նրանք որոշեցին դադարեցնել դասադուլը և ամեն ինչ։ Մնացածը, կարծում ենք, խիստ կանխատեսելի է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր