211652_close_icon
views-count8866 դիտում article-date 18:20 11-11-2017

Արթուր Գևորգյան. Մենք շատ ենք հեռացել հայկական դասական բռնցքամարտից

Օլիմպավանում կայացավ բռնցքամարտի 10-րդ համաժողովը: Հայաստանի բոլոր տարիքային հավաքականների մարզիչները, մարզերի պատասխանատուները տարեկան հաշվետվություն ներկայացրին համաժողովին: Ներկաները քննարկեցին բռնցքամարտում առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները, 2018 թ. ծրագրերը: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն իր գոհունակությունը հայտնեց ազգային թիմի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանին՝ հավաքականի արդյունքների համար. «Այս տարի պրոֆեսիոնալ ռինգում հաստատվեցին մեր երեք բռնցքամարտիկները: Ընդհանուր առմամբ նրանք անցկացրին 14 մենամարտ, բոլորը հաղթանակով, որից 12-ը ավարտեցին ժամանակից շուտ: Նրանք կշարունակեն մրցել նաև սիրողական բռնցքամարտում: Հավաքականի աշխատանքը գնահատում եմ լավ՝ վերջին տարիներին մենք նման արդյունք չենք ունեցել: Կարծում եմ՝ Հովհաննես Բաչկովը դեռ իր խոսքը կասի սիրողական բռնցքամարտում: Երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում մեդալներ չունեցավ, սակայն թիմից դժգոհ չեմ, ինչպես նաև բավարար եմ գնահատում ավագ պատանիների ու կրտսեր պատանիների թիմերի աշխատանքը»,- ասաց ֆեդերացիայի նախագահը: Արթուր Գևորգյանը նշեց, որ 2018 թվականն ազգային հավաքականի համար մեծամասամբ պատրաստական աշխատանքների տարի կլինի: Նրանք կմասնակցեն ընկերական մրցաշարերի, լավագույն մարզավիճակ ձեռք կբերեն, որ 2019 թ. կարողանան պայքարել օլիմպիական խաղերի ուղեգրերի համար: Իսկ հաջորդ տարվա կարևորագույն մրցումը կլինի Մ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ֆեդերացիայի նախագահը հայտնեց, որ տարվա վերջին բոլոր մարզիչները պետք է հանձնեն գործնական քննություն: Մարզչական աշխատանքը կկարողանան շարունակել այն մասնագետները, որոնք հաջող կհանձնեն քննությունը և ֆեդերացիայի կողմից համապատասխան որակավորում կստանան. «Մենք շատ ենք հեռացել հայկական դասական բռնցքամարտից: Ունենում ենք Հայաստանի չեմպիոն, որը գալիս է հավաքական և չի տիրապետում տարրական հնարքների: Կարծում եմ՝ մարզիչների քննությունը մեզ կօգնի այս հարցը կարգավորել»: Ֆեդերացիայի նախագահը նաև մարզչական նոր նշանակումներ կատարեց: Ազգային հավաքականը կշարունակի գլխավորել Դավիթ Թորոսյանը, իսկ նրան կօգնի Վահան Ադիլխանյանը: Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ նշանակվեց Կարեն Աղամալյանը, ում օգնականը կլինի Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Վլադիմիր Մարգարյանը: Ավագ պատանիների թիմն այսուհետ կմարզեն Արտյոմ Սիմոնյանը և Ռոբերտ Պետրոսյանը: Կրտսեր պատանիների թիմը կշարունակի աշխատել Աշոտ Ավետիսյանի ղեկավարությամբ: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Խաչիկ Խաչատրյանը. «Այժմ հավաքականներում աշխատելու հնարավորություն տալիս ենք նաև երիտասարդներին: Նրանք շատ լավ բռնցքամարտիկներ են եղել, կարծում եմ հաջող կլինի նաև մարզչական գործունեությունը»,- ասաց Արթուր Գևորգյանը: ՀԲՖ նախագահը տեղեկացրեց, որ հավաքականների մարզիչները չեն կարող ունենալ անձնական նոր սաներ՝ այսպիսով հնարավոր կլինի խուսափել սուբյեկտիվությունից: Սակայն, մարզիչները չեն թողնի այն բռնցքամարտիկներին, որոնց հետ աշխատում են տարիներ շարունակ:

Նմանատիպ նյութեր