211652_close_icon
views-count5366 դիտում article-date 21:08 10-11-2017

Ադրբեջանի նախագահն արգելափակել է իր Twitter-ն Աննա Աստվածատուրյան-Թերքոթի համար

Հայ-Ռուսական համալսարանում՝ նոյեմբերի 10-ին` ՀՌՀ Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի լրագրության ամբիոնի հրավերով հյուրընկալվել է ամերիկահայ գրող, իրավաբանական գիտությունների թեկնածու, հասարակական գործիչ և ակտիվիստ Աննա Աստվածատուրյան-Թերքոթը: Նա համալսարանի ուսանողներին ներկայացրել է իր հասարակական գործունեությանը վերաբերող մանրամասները, ԼՂ հիմնահարցի բարձրաձայնման և Արցախի ճանաչման հարցում Սփյուռքում կատարվող աշխատանքները, ինչպես նաև՝ իր հեղինակած «Ոչ մի տեղ․արտաքսման մի պատմություն» գիրքը, որի մի քանի օրինակը սիրով նվիրել է Հայ-Ռուսական համալսարանի գրադարանին: Վերջին հինգ տարիներին Աննան ակտիվորեն պայքարում է ԱՄՆ-ում իրականացվող հակահայկական լոբբինգի դեմ: «Ադրբեջանցիները միլիոնավոր դոլարներ են ծախսում այդ նպատակի վրա՝ օգտագործելով նաև այնտեղ գործող թուրքական կառույցները: Սակայն, իմ և ԱՄՆ-ում ապրող Բաքվից բռնագաղթած մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ մեզ հաջողվում է տապալել ԱՄՆ տարբեր նահանգներում նրանց կողմից ներկայացվող հակահայկական բանաձևերը: Ադրբեջանցիները ունեն նավթադոլարներ, մենք՝ 10 միլիոնանոց սփյուռքահայություն և իմ կարծիքով սա մեր գլխավոր հաղթաթուղթն է, որը մենք պետք է ավելի ակտիվ օգտագործենք»,- պատմել է Աննա Աստվածատուրյան-Թերքոթը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում ապրող Բաքվից բռնագաղթած մեր հայրենակիցները մեծ աջակցություն են ցուցաբերում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին: Աննա Աստվածատուրյան-Թերքոթը նշել է, որ մինչև օրս Ադրբեջանի ԱԳՆ-ը իրեն չի ներառել իր «սև ցուցակում»: «Ինձ համար անհասկանալի է (հեղ.- ծիծաղում է), թե ինչու՞ մինչև հիմա ես չեմ հայտնվել այդ ցուցակում, սակայն ձեզ հայտնեմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արգելափակել է իր Twitter-յան էջը ինձ համար, ինչը ինձ որոշ չափով «մխիթարում» է»,- հայտնել է նա: Անդրադառնալով իր հեղինակած «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) գրքին (լույս է տեսել 2012թ.-ին, որն այս տարվա մայիսին թարգմանվել է ռուսերեն), որը հիմնված է իր երիտասարդ տարիքի օրագրի նշումների վրա, Աննա Աստվածատուրյան-Թերքոթն ասել է հետևյալը. «Այդ գրքում ես պատմում եմ իմ երջանիկ մանկության մասին, Բաքվում մեր ապրելակերպի և խաղաղ կեցության մասին, որն ավարտվեց 1988թ.-ին: Այնտեղ նկարագրել եմ, թե ինչպես էինք մենք Բաքվում առերեսվում ազգային բռնությանն և բնաջնջմանը ադրբեջանական իշխանությունների կողմից, նկարագրում եմ Հայաստանում իմ կյանքը` որպես փախստական, ԱՄՆ-ում իմ կեցության առաջին տարիներին»,- տեղեկացրել է նա՝ հավելելով, որ այժմ նա աշխատում է իր երկրորդ գրքի վրա: Հանդիպման ավարտին նա պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին: Աննա Աստվածատուրյան-Թերքոթն ԱՄՆ-ում աշխատում է որպես իրավաբան՝ տեղի խոշորագույն բանկերից մեկում: Նա դասախոսում է հայերի կացության մասին Ադրբեջանում՝ մարդու իրավունքների և միջազգային օրենքի շրջանակներում, ինչպես նաև պաշտպանում է հայերի քաղաքական իրավունքները՝ Լեռնային Ղարաբաղում ինքնավարություն հաստատելու գործում Աննան կարևոր դեր է խաղացել Մեն նահանգի կողմից 2013 թ. Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործում և շարունակում է իր հայանպաստ քաղաքականությունը ԱՄՆ տարբեր նահանգներում։ Աննա Աստվածատուրյան-Թերքոտը 2013 թ. Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացել է Մխիթար Գոշի մեդալին, իսկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից՝ ԼՂՀ երախտագիտության մեդալին։ [b]ՀՌՀ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր