211652_close_icon
views-count6329 դիտում article-date 13:09 31-10-2017

Շախմատի Եվրոպայի առաջնություն. Ոչ-ոքի և հաղթանակ

Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում կայացավ Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնության 3-րդ տուրը, որում Հայաստանի հավաքականը 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի թիմի հետ: Մրցախաղի բոլոր 4 պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ: 3-րդ տուրում առաջատարներից հաղթանակ տոնեց միայն Ռուսաստանի հավաքականը և սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: 7 հավաքական՝ Հայաստանը, Հունգարիան, Գերմանիան, Նիդերլանդները, Խորվաթիան, Իսրայելը և Լեհաստանը, 5-ական թիմային միավորով կիսում են 2-8-րդ հորիզոնականները: Այսօր կայանալիք 4-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Նիդերլանդների ընտրանին: Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնությանը մասնակցում են 40 հավաքականներ: Մրցաշարում առաջին դասակարգվածն է Ռուսաստանի թիմը: Հայաստանի հավաքականը միջին գործակցով 6-րդն է: Հայաստանի ընտրանու մարզիչն է գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը: Եվրոպայի տղամարցկանց թիմային առաջնության խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը: Նոյեմբերի 2-ը հանգստյան օր է: 1-8-րդ տուրերի մեկնարկը Երևանի ժամանակով 17:00-ին, վերջին տուրինը՝ 16:00-ին: 3-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Սերբիայի ընտրանու նկատմամբ: Մեր թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը, իսկ Մարիա Կուրսովան պարտություն կրեց: Տուրի կենտրոնական դիմակայությունում Ռուսաստանի ընտրանին 2.5 – 1.5 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի նկատմամբ: 3-րդ հետո Ռուսաստանի, Վրաստանի, Լեհաստանի և Իսպանիայի թիմերը վաստակել են 6-ական թիմային միավոր և գլխավորում են աղյուսակը: Մեր ընտրանին 4 թիմային միավորով կիսում է 5-13-րդ հորիզոնականները: Այսօր կայանալիք 4-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Հունաստանի առաջին թիմը:

Նմանատիպ նյութեր