211652_close_icon
views-count8772 դիտում article-date 12:05 17-10-2017

«Հայ օգնության միության»անդամները հերթական անգամ այցելեցին Արցախի սահմանային զորամաս. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

«Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը հերթական անգամ այցելեց Արցախի սահմանային զորամաս։ Ծրագիրը հագեցած էր մի շարք միջոցառումներով՝ կրթական և մշակութային։ Զորամասում կայացավ լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի «25 տարի անց» խորագրով ցուցահանդեսը։ Լուսանկարներում պատկերված էին 1992-93թթ. Արցախյան պատերազմի և տվյալ զորամասի նորօրյա զինվորները՝ ծանոթ ու անծանոթ հերոսների լուսանկարներ, որոնք անցնող 25 տարիների ընթացքում խոնարհաբար ու համեստորեն ծառայել են հայրենիքին: ՀՀ կրության և գիտության նախարարության ներկայացուցիչ, ՀՕՄ-ուհի Օֆելյա Գրիգորյանը զինծառայողներին ներկայացրեց կրթական այն հնարավորությունները, պայմանները, որոնցից նրանք կարող են օգտվել ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո։ Նշենք, որ ՀՕՄ-ը նշված ծրագիրն իրականացրել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Դիանա Հովսեփյանը նշեց, որ ՀՕՄ-ը հերթական անգամ հյուրընկալվել է սահմանային զորամասում, որտեղ տերն ու տիրականը, սահման պահողն ու կռիվ տվողը զինվորներն են: «Դուք եք, որ կերտում եք պետականությունը և նրա լիիրավ ու իրավատեր քաղաքացի լինելու պատիվը: Մեկ տարի առաջ բոլորս միասին ականատես եղանք հերթական ոտնձգության, և բոլորս միասին՝ բանակ-թիկունք միասնականությամբ հաղթահարեցինք հերթական փորձությունը: Ունեցանք անդառնալի կորուստներ, հասկացանք, որ զգոնությունը երբեք չպետք է թուլացնենք, միմյանց նկատմամբ պետք է ներողամիտ գտնվենք, պետք է սիրենք ու պաշտպանենք մեր մերձավորին, ընկերոջը, ծառայակցին, սպային ու վերջապես մեր երկիրն ու նրա տարածքային ամբողջականությունը: Այս դասերը քաղել ենք բոլորս, քաղել ենք լուռ, թաց աչքերով, կորստի ու վշտի ցավով: Եվ մի բան պարզ է. պետք է առաջ գնանք, զարգանանք, միավորվենք ու հզորանանք: Պետք է հասկանանք, որ ամեն մեկս մեր տեղում ու դերում անելիք ունի, լինի սահմանին թե թիկունքում, Հայաստանի խորքում թե սփյուռքի որևիցե հեռավոր համայնքում, լինի կին թե տղամարդ, ահել թե ջահել, հարուստ թե աղքատ, իշխանավոր թե ընդդիմադիր, արվեստագետ թե գործարար»,- ասաց Դիանա Հովսեփյանը: ՀՕՄ ներկայացուցիչները զինվորներին հանձնեցին սփյուռքի ու հայաստանի տարբեր մարզերում գործող 36 դպրոցների աշակերտների՝ զինվորներին ուղղված նամակները։ ՀՀ Նախագահի աշխատակազմից հատկացվող դրամաշնորհային ծրագրերի համակարգող Գայանե Մանուկյանը, զինվորներին դիմելով ողջույնի խոսքով, նշեց. «Դուք կանգնած եք առաջնագծում և միաժամանակ ազգի թիկունքն եք: Երևի միայն զինվորն է միաժամանակ մարմնավորում իր մեջ երկու այս բևեռները՝ առաջնագիծ և թիկունք, ինչն էլ առանձնահատուկ է դարձնում ձեր տեղն ու դերը: Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի ավելի շոշափելի զգաք ձեր թիկունքը՝ ձեր մայրերի, քույրերի, մատաղ սերնդի և համայն հայության սերն ու շունչը: Թույլ տվեք ձեր անունից շնորհավորել նաև Հայ օգնության միության 117-ամյակը, միություն, որը, ըստ էության, հայ հասարակական կյանքի առաջին հասարակական-բարեսիրական միավորն է, որն իր մեկդարյա պատմությամբ և գործունեությամբ գալիս է փաստելու, որ հայրենիքին և գաղափարին ծառայելը ոչ ժամանակ է ճանաչում, ոչ էլ տարածություն։ Հայրենիքն անմահ է, իսկ նրան ծառայելը՝ ամենաբարձր պատիվը»: Ծրագրին մասնակցում էին նաև ազատամարտիկներ, ովքեր 90-ական թվականներին հետ էին բերել այն բարձունքները, որոնք այսօր հսկում է հայ զինվորը։ Ազատամարտիկները պատմում էին իրենց հուշերը, դրվագներ մարտական գործողություններից։ Շուշիի առանձակի գումարտակի խոհարար Խաչիկն էլ ազատամարտիկ ընկերների և զինվորների հետ նշեց իր տարեդարձը: Միջոցառումն ուղեկցվում էր մշակութային ծրագրով։ Մկրտիչ Մկրտչյանը, Շուշան Պետրոսյանը, Լեյլա Սարբեկյանը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո) սիրով երգեցին զինվորների համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր