211652_close_icon
views-count1219 դիտում article-date 16:45 28-08-2026

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա բնակավայրի վարչական տարածքում «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ նրանց՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արթուր Գևորգյանն ու պարեկ Հայկ Հարությունյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի և օրվա պատասխանատու ավագ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր