211652_close_icon
views-count3917 դիտում article-date 12:57 05-10-2017

Երևանում կայացել է հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստը, ստորագրվել է արձանագրություն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հոկտեմբերի 4-ին Երևանում կայացել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը։ Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, լիտվական կողմի համանախագահն է ԼՀ էկոնոմիկայի նախարար Մինդաուգաս Սինկյավիչուսը: Նիստին մասնակցել են Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը։ Նիստի բացմանը իր ողջույնի խոսքում նախարար Սուրեն Կարայանը նշել է. «Կցանկանայի ընդգծել, որ միջկառավարական հանձնաժողովի այս ձևաչափը առաջնահերթ նշանակություն ունի առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հայ-լիտվական համագործակցության ընդլայնման համար: Նման հանդիպումները լավ հնարավորություն են զարգացնելու առկա տնտեսական կապերը, ինչպես նաև ուղենշելու համագործակցության նոր ոլորտները: Արդեն կայացել են երկու կողմի փորձագետների հանդիպումները, որոնց շրջանակներում մեր երկու երկրների տարբեր ոլորտների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել տեղեկատվություն փոխանակել տնտեսական ծրագրերի մասին, ինչպես նաև քննարկել և արդյունավետ պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ տնտեսական և գործարար կապերի կայացման և խորացման համար, որոնք ժամանակի ընթացքում, անկասկած, կվերածվեն երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության»: Մինդաուգաս Սինկյավիչուսը իր հերթին շեշտել է, որ կարևոր է ակտիվորեն օգտագործել այս ձևաչափը երկու երկրներն ավելի մտերմացնելու համար: «Մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ: Կոչ եմ անում ուսումնասիրել և օգտագործել բոլոր հնարավորությունները տնտեսական կապերի հետագա զարգացման համար», - ասել է Լիտվայի էկոնոմիկայի նախարարը: Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարները: Նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահներ Սուրեն Կարայանը և Մինդաուգաս Սինկյավիչուսը ստորագրել են նիստի Արձանագրությունը, որով սահմանվել են հետագա համագործակցության ուղղությունները: Նիստի շրջանակում ստորագրվել է նաև երեք փաստաթուղթ. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Լիտվայի Հանրապետության սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարության միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ԼՀ սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար Լինաս Կուկուռայտիսը, «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև ֆիզիկական կրթության և սպորտի բնագավառներում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը ստորագրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը և ԼՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դարիուս Ուռբոնասը, «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության 2018-2019 թթ. գործողությունների պլանը» ստորագրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը և ԼՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոլանդաս Տառաշկյավիչուսը: Համառոտ տեղեկանք Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառության վերաբերյալ Հայաստանի առևտրաշրջանառությունը Լիտվայի հետ 2016 թվականին կազմել է 7.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17.7 %-ով (2015 թվականին կազմել է 6.2 մլն ԱՄՆ դոլար): Այդ թվում` 2016 թվականին արտահանումը Հայաստանից Լիտվա կազմել է 3.0 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 36.4 %-ով (2015 թվականին կազմել է 2.2 մլն ԱՄՆ դոլար)։ Լիտվայից Հայաստան ներմուծումն, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 4.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.8 %-ով (2015 թվականին կազմել է 3.99 մլն ԱՄՆ դոլար), ըստ առևտուր անող երկրի հատկանիշի ներմուծումը կազմել է 9.6 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.2 %-ով (2015 թվականին կազմել է 9.3 մլն ԱՄՆ դոլար): Հայաստանի առևտրաշրջանառությունը Լիտվայի հետ 2017 թվականի հունվար-հուլիսին կազմել է 4.5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21.6 %-ով (2016 թվականի հունվար-հուլիսին կազմել է 3.7 մլն ԱՄՆ դոլար): Այդ թվում` 2017 թվականի հունվար-հուլիսին արտահանումը Հայաստանից Լիտվա կազմել է 1.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 38.9 %-ով (2016 թվականի հունվար-հուլիսին կազմել է 1.8 մլն ԱՄՆ դոլար), իսկ Լիտվայից Հայաստան ներմուծումն, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 3.4 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 78.9 %-ով (2016 թվականի հունվար-հուլիսին կազմել է 1.9 մլն ԱՄՆ դոլար), ըստ առևտուր անող երկրի հատկանիշի ներմուծումը կազմել է 6.5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.4 անգամ (2016 թվականի հունվար-հուլիսին կազմել է 1.9 մլն.ԱՄՆ դոլար): 2016-2017թթ․ հունվար-հուլիս ժամանակահատվածում Հայաստանից Լիտվա գրանցվել է արտահանման ծավալների զգալի աճ, մասնավորապես հետևյալ ապրանքատեսակների մասով` խաղողի գինի (2.4 անգամ), պահածոյացված միրգ, ընկուզեղեն, հատապտուղ (2.3 անգամ), բանջարեղեն պահածոյացված առանց քացախի (4.7 անգամ), սիգարետ (2 անգամ), ալկոհոլային խմիչքներ (17.7%-ով): 2016-2017թթ. հունվար-հուլիս ժամանակահատվածում Լիտվայից Հայաստան հիմնականում ներմուծվել են՝ բամբակ մանածագործ նյութերից և իրեր դրանից, նավթ և նավթամթերք, հեռախոսային ապարատ բջջային ցանցի կամ այլ կապի, կանացի հագուստ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր