211652_close_icon
views-count2376 դիտում article-date 20:32 04-10-2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է Արևելյան գործընկերության Գյուղատնտեսության և գյուղի զարգացման հարթակի հինգերորդ հանդիպմանը

Երևանում այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մեկնարկել է Արևելյան գործընկերության Գյուղատնտեսության և գյուղի զարգացման հարթակի հինգերորդ հանդիպումը, որի բացման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Այս տարվա միջոցառման հիմնական թեման է գյուղատնտեսութան ոլորտում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել շուրջ 20 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` նաև Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ երկրներից: «Մենք շատ ուրախ ենք, որ Արևելյան գործընկերության Գյուղատնտեսության և գյուղի զարգացման հարթակն այս տարի անց է կացվում Երևանում: Այն թեմաները, որոնք դրված են այս հանդիպման քննարկման հիմքում, մեզ համար շատ կարևոր են, քանի որ աշխարհն արագորեն փոփոխվում է, և այսօր տեխնոլոգիաներն են թելադրում, թե որ ուղղությունն է առավել արդյունավետ, որտեղ կարելի է գումար ներդնել և ներդրումներ ներգրավել, և գյուղատնտեսությունը չի կարող զերծ մնալ այս մրցակցային խաղից: Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա առավել մատչելի գյուղմթերք արտադրել, զարգացնել արտահանումը և ներմուծումը փոխարինել տեղական արտադրանքով», - ողջունելով հանդիպման մասնակիցներին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Ընդգծելով, որ գյուղատնտեսությունը Հայաստանում գերակա ուղղություն է և այս ոլորտում ընթացող և առաջիկա ծրագրերով արդեն իսկ նախատեսվում է նոր տեխնոլոգիաների կիրառում (կարկտապաշտպան ցանցերի և ոռոգման նորագույն համակարգերի ներդրում, ինտենսիվ այգիների հիմնում և այլն)` նախարար Իգնատի Առաքելյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը ևս հարմար հարթակ կհանդիսանա նոր ուղղությունների բացահայտման և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետագա ծրագրերը մշակելիս այստեղ ներկայացված նոր գաղափարների և նորարարական բաղադրիչների ներմուծման համար: Նախարարի համոզմամբ` գլոբալ տնտեսության և մասնավորապես գյուղատնտեսության զարգացման ոլորտում նորարարությունը և տեխնոլոգիաները կարող են նպաստել ոլորտում արդյունավետության բարձրացմանը և մրցունակության ավելացմանը: Իր խոսքում նախարար Իգնատի Առաքելյանը ընդգծել է նաև գյուղատնտեսության թվայնացման և գյուղատնտեսության բնագավառի տարբեր ճյուղերում ավտոմատացված համակարգերի ներդրման կարևորությունը: Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, որն իր զեկույցում անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում թվայնացման ազդեցությանը: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր