211652_close_icon
views-count3373 դիտում article-date 11:46 23-09-2017

ԼՂՀ վարչապետն ընդունել է Տորոնտոյի հայ համայնքի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Տորոնտոյի հայ համայնքի ղեկավար Հակոբ Ջամբազյանի գլխավորած պատվիրակությանը: Ա. Հարությունյանը ողջունել է Տորոնտոյից ժամանած պատվիրակությանը և նշել, որ Կանադայի հայկական համայնքը Սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից է: «Շատ ուրախալի է, որ կանադահայությունը, լինելով հայկական ավանդական Սփյուռքի ներկայացուցիչներից մեկը, կարողացել է կազմակերպված ձևով պահպանել հայկական ինքնությունը: Ցանկանում եմ ընդգծել կանադահայության մեծ և կարևոր դերը Արցախի զարգացման գործում, ինչի համար հայտնում եմ մեր խորին երախտագիտությունը»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և այլ բարեգործական կառույցների ծրագրերին կանադահայերի գործուն աջակցությամբ Արցախում բազմաթիվ նախագծեր են իրագործվել: Իր հերթին շնորհակալություն հայտնելով Ա. Հարությունյանին ջերմ և անմիջական մթնոլորտում կազմակերպված ընդունելության համար՝ Հ. Ջամբազյանը նշել է, որ Արցախ իրենց հերթական այցը կրկին բարեգործական առաքելությամբ է և Կանադայի ողջ հայությունն իր հնարավորություններով միշտ Արցախի կողքին է: «Ապրելով հայրենիքից հեռու՝ մենք միշտ հետաքրքրվում ենք այն խնդիրներով, որոնք առկա են այստեղ, և մեր ցանկությունն է, որ օր առաջ դրանք լուծված տեսնենք: Այս անգամ մենք մեզ հետ բերել ենք դեղորայք և Պաշտպանության բանակի համար անհրաժեշտ պարագաներ»,- ասել է Հ. Ջամբազյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արցախի և Կանադայի հայ համայնքի միջև առկա փոխգործակցության ամրապնդման վերաբերյալ որոշ հարցեր:

Նմանատիպ նյութեր