211652_close_icon
views-count7532 դիտում article-date 18:51 02-09-2017

Արցախը տարածաշրջանում ժողովրդավարության և ազատության օրինակ է. ԱՄՆ կոնգրեսականները շնորհավորական ուղերձ են հղել

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը շնորհավորական նամակ է ուղղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ Արցախի անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ։ Շնորհավորական նամակը ստորագրել են ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ֆրենկ Փալոունը, Ադամ Բ․ Շիֆը, Դեյվիդ Թրոթը, Ջեքի Սփայերը, Դեյվիդ Վալադոն և Գուս Բիլիրակիսը։ Նամակում, մասնավորապես, նշվում է. «Այս տարի Ձեր ժողովրդի անկախության տոնակատարությունը հատկապես կարևոր է, քանի որ փետրվար ամսին ձայների բացարձակ մեծամասնությամբ կատարվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք թույլ են տալիս առաջ մղել մարդու իրավունքները, ուժեղացնել օրենքի գերակայությունը և բարձրացնել թափանցիկությունը։ Սովետական ճնշումը և Ադրբեջանի ռազմական ագրեսիան հաղթահարելուց հետո Արցախի հետագա անցումը ներկայացուցչական կառավարման համակարգի վկայում է ձեր ժողովրդի ուժի և կամքի մասին»: ԱՄՆ Կոնգրեսի անդամները նշել են, որ չնայած Ադրբեջանի հաճախակի ագրեսիվ գործողություններին և մինչ օրս շարունակվող սպառնալիքներին, Արցախը տարածաշրջանում ժողովրդավարության, խաղաղության և ազատության օրինակ է։ Նրանք ողջունել են այդ անփոփոխ հանձնառությունը՝ ազատ և արդար ընտրություններին և ժողովրդավարական կառավարման կատարելատիպին։ Կոնգրեսականները նաև հույս են հայտնում, որ կլինի հիմնախնդրի խաղաղ կարգավորում, ինչի շնորհիվ կապահովվի Արցախի ինքնիշխանությունը նաև ապագայում և իրենց աջակցությունը հայտնում Արցախի Հանրապետությանը։

Նմանատիպ նյութեր