211652_close_icon
views-count18641 դիտում article-date 21:41 30-08-2017

Տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի արցախյան պրեմիերան` Շուշիում

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարությունների աջակցությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 1-ին, ժամը 20:30-ին, Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում, իսկ սեպտեմբերի 9-ին, ժամը 20:00-ին, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան: «Սասունցի Դավիթ» օպերայի արցախյան պրեմիերան նվիրվում է Արցախի անկախության օրվան, Շուշիի ազատագրման 25-ամյակին և Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին: Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարն է` Սարինե Ավթանդիլյանը: Դիրիժոր` Սուրեն Շահիջանյան /Ֆրանսիա/, ռեժիսոր` Արմեն Փիրի Մասիհի, ռեժիսորի օգնական` Արա Ասատուրյան, խորեոգրաֆ` Արսեն Մեհրաբյան /Շվեդիա/, խմբավար` Սոնա Հովհաննիսյան: Մենակատարներ` Մկրտիչ Բաբաջանյան /Դավիթ/, Հայկ Տիգրանյան /Մսրա Մելիք/, Հովհաննես Անդրեասյան /Քեռի Թորոս/, Հովհաննես Ներսեսյան /Ձենով Օհան/, Պերճ Քարազյան /Վերգո/, Սոֆյա Թումանյան /Արտատեր Պառավ/, Սիրանուշ Գասպարյան /Խանդութ/, Արծվիկ Դեմուրճյան /Սասնեցի աղջիկ/, Նարինե Անանիկյան /Չմշկիկ/, Քրիստինե Սահակյան /Իսմիլ Խաթուն/, Թամարա Դադոյան /Մսրա Մելիքի քույր/, Սարգիս Աղամալյան /Մսրա ծեր զինվոր/, Սյուզաննա Փիրումյան /պար/: Ներկայացմանը մասնակցում են` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և բալետային խումբը /թատրոնի գեղարվեստական ղեկավար` Կոնստանտին Օրբելյան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և խմբավար` Սոնա Հովհաննիսյան/: «Սասունցի Դավիթ» հերոսական օպերան իր ինքնատիպ վիպապատմողական երաժշտական լեզվով և ազգային ոգով հայկական օպերային արվեստի զարգացման նշանակալից փուլերից է, որը ստեղծվել է 1936 թվականին՝ ազգային էպոսի 1000-ամյակի տոնակատարության նախաշեմին: Հիմնվելով ժողովրդական և դասական երաժշտության ավանդույթների վրա` Հարո Ստեփանյանն իր ստեղծագործական ու երաժշտական-հասարակական բեղմնավոր գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել հայ երաժշտարվեստի զարգացման գործում, արժեքավոր ստեղծագործություններով հարստացրել է հայ կամերային-գործիքային և սիմֆոնիկ երաժշտությունը, ընդլայնել ազգային օպերայի թեմատիկ-սյուժետային սահմանները, մասնավորապես՝ երգիծական («Քաջ Նազար»), էպիկական, պատմական («Սասունցի Դավիթ», «Նունե») ժանրերի գործերով:

Նմանատիպ նյութեր