211652_close_icon
views-count38674 դիտում article-date 00:41 30-07-2017

Ադրբեջանի նոր հարձակման դեպքում ընդլայնելու ենք մեր անվտանգության գոտին, վերականգնվելու են 2016-ին իրենց հսկողության տակ անցած սահմանափակ հենակետերը. Լ. Մնացականյան

Արցախի հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի ընթացքում պատասխանել է «Իսկանդեր» ոչնչացնելու հակահրթիռային զենքի առկայության մասին հարցին: Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, Լևոն Մնացականյանը նշել է, որ «Իսկանդեր»-ի հրթիռներ խոցելու հնարավորություն ոչ թե Ադրբեջանը, այլ առաջատար երկրները չունեն։ «Իսկանդերի» հրթիռի արձակման ժամանակ հետագծի բարձրությունը մինչև 100 կմ է, անկման անկյունը, կարելի է ասել, 90 աստիճանի մոտ։ Դեռևս այդպիսի հրթիռները խոցելու հնարավորություն ոչ թե Ադրբեջանը, այլ առաջատար երկրները չունեն»,-ասել է նա: Արցախի պաշտպանության նախարարը, անդրադառնալով Զաքիր Հասանովի մեկ այլ հայտարարությանը՝ թե ապրիլյան պատերազմի օրերին իբր միայն իրենց բանակի 15-20 տոկոսն են օգտագործել, ասել է. «Փորձենք հասկանալ այդ 15-20 տոկոս կազմը ինչ է իրենից ներկայացնում: Ադրբեջանի զինված ուժերի 15-20 տոկոսը իրենից ներկայացնում է տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, մինչև 250-300 հատ հրետանի և ականանետ՝ մինչև 45-500 հատ: Համազարկային ռեակտիվ համակարգեր՝ արդի և խոշոր տրամաչափի մինչև 60 հատ, հակատանկային միջոցներ մինչև 600-700 հատ և անձնակազմ՝ մինչև 20000 և ինքը դրա մասին հպարտությամբ ասում է: Այդքանն իրենք կիրառել են ապրիլյան գործողությունների ժամանակ և ունեցել ընդամենը մի վաշտի մարտական խնդրի համահունչ հաջողություն: Իսկ ինչ վերաբերվում է «Իսկանդեր»-ին ու նման վերաբերմունքին, ես կասեի հետևյալը. Մարդ, որը որ ուշադրության չի արժանացնում նման հրթիռը, որի քաշը համարյա թե 4000 կգ՝ 4 տոննա, որի մարտական մասը մինչև 480 կիլոգրամ է, կրակի ճշտությունը ընդամենը մի քանի մետր, և հեռահարությունը մի քանի հարյուր կիլոմետր, ու անտեսել նման միջոցը կամ միամտություն է կամ իրոք գործից անտեղյակ մարդու տպավորություն է թողնում ինձ վրա: Եվ թե ինչ միջոցով է ոչնչացնելու «Իսկանդեր»-ը կամ հայտարարում է, թե ինչպիսի հրթիռներ ունեն իրենք, դա ի՞նչ նշանակություն ունի, թե ինչ հրթիռներ ունեն: Ամեն մի բնույթի նշանակետի համար գոյություն ունի իր հրթիռը, և որտեղ անհրաժեշտ լինի իր հրթիռն արձակվելու, կարծում եմ՝ դա միամտություն է: Երևի, վախի զգացողությամբ արված հայտարարություն է»: Նա նշել է, որ նման հայտարարությունների նպատակն իրենց հասարակությանը հանգստացնելն է: Լևոն Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանի նոր հարձակման դեպքում մենք անցնելու ենք հակահարձակման ու ընդլայնելու ենք անվտանգության գոտին:«Այդ հակահարձակողական գործողությունների ընթացքում մենք ընդլայնելու ենք այսօրվա մեր գոյություն ունեցող անվտանգության գոտու լայնությունը և անվտանգության գոտու խորությունը, 2016թ ապրիլյան գործողությունների այդ սահմանափակ հենակետերը, որ անցել են իրենց հսկողության տակ, միանշանակ վերականգնվելու են»,- ասել է նա՝ ընդգծելով, որ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր այլևս չկան: «Այլևս թույլ չենք տալիս իրենց դրանք իրականացնել: Ամբողջ սահմանային գծի երկայնքով մենք վերահսկողություն ենք իրականացնում՝ այդ թվում նաև գիշերային պայմաններում: Նման վերջին փորձը իրենք ձեռնարկել են այս տարվա փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը և մենք տեղյակ ենք արդյունքի մասին: Ունեին 6 զոհ, որից 5-ը թողել էին դաշտում և մեկը ծանր վիրավորվել էր, որից հետո հոսպիտալում մահացել: Դրանից հետո ընդհանրապես բացառվել է դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձերը»,- ասել է նախարարը: Նա նշել է նաև, որ ադրբեջանական բանակը իր զինատեսակների կիրառման արդյունավետության մասով լուրջ խնդիրներ ունի: «2016 թվականի ապրիլյան գործողությունների ժամանակ հակառակորդը կիրառել էր լավագույն արդի ժամանակակից զինտեխնիկան: Կիրառվել են «Սմերչ» համակարգեր, կիրառվել են հրանետային համակարգեր՝ «ТОС-1», կիրառվել են իսրայելական, թուրքական համազարկային «Kasirga» T-300 հրթիռային միջոցները, կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը ճշգրիտ խոցման միջոցներ են: Ունեցել են ընդամենը մասնակի հաջողություն տվյալ ուղղություններում: Դա մեզ հուշում է, որ չնայած ձեռքբերումների, այնուամենայնիվ իրենք խնդիր ունեն կիրառման առումով, այդ տեխնիկայի յուրացման առումով: Մեկանգամյա ուսուցումը դեռևս չի նշանակում, որ ստորաբաժանումը կամ զորամասը պատրաստ են դրանք արդյունավետ կիրառել: Չեմ կարծում, որ նրանք ի վիճակի են դրանք մինչև վերջ յուրացնելու, արդյունավետ օգտագործելու սահմանային գործողությունների ընթացքում»,-նշել է նախարարը: Պատասխանելով հարցին, թե խորքային հետախուզության տվյալներն ինչի՞ մասին են վկայում՝ հակառակորդն ավելի շատ պաշտպանողական, թե՞ հարձակողական բնույթի գործողություններին է նախապատվությունը տալիս՝ Լևոն Մնացականյանն ասել է, որ ադրբեջանական կողմը հարձակողական մարտավարության մասին ավելի շատ հայտարարություններ է անում, սակայն իրականում պաշտպանական լուրջ աշխատանքներ են իրականացնում:

Նմանատիպ նյութեր