211652_close_icon
views-count7090 դիտում article-date 17:08 26-07-2017

ՀՀ վարչապետը և իսրայելցի նախարարը քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը մեր երկիր՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Իսրայելի հետ համագործակցության զարգացման և հատկապես տնտեսական կապերի ակտիվացման մեջ: Կառավարության ղեկավարը դրական է համարել վերջերս Հայաստան-Իսրայել ուղիղ չվերթների գործարկումը: Ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու Իսրայելի պատրաստակամությունը՝ Ցախի Հանեգբին նշել է, որ այցի նպատակն է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքում տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, գյուղատնտեսության բնագավառներում բացահայտել այն ուղղությունները, որոնց շրջանակում երկու երկրները կարող են գործնական փոխշահավետ համագործակցություն ծավալել: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Իսրայելի միջև տնտեսական հարաբերությունների և գործարար կապերի աշխուժացման հեռանկարների շուրջ: Վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության ծրագրով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին՝ նշելով, որ դրանց հիմնական նպատակը արդյունավետության բարձրացումն է բոլոր ոլորտներում: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարևորել է Իսրայելի հետ փորձի փոխանակումը և ներդրումային ծրագրերի իրականացումը ՏՏ, գյուղատնտեսության, պետական կառավարման, թվայնացման, առողջապահության ու գիտության ոլորտներում: Վարչապետի խոսքով՝ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը կարող է հետաքրքիր հարթակ հանդիսանալ ինչպես երկկողմ գործակցություն ծավալելու, այնպես էլ երրորդ շուկաներ դուրս գալու առումով: Ցախի Հանեգբին համակարծիք է եղել, որ երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու բազմաթիվ հնարավորություններ կան, և Իսրայելի կառավարությունը պատրաստ է ՀՀ կառավարության հետ ակտիվ աշխատել դրանք կյանքի կոչելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր