211652_close_icon
views-count9630 դիտում article-date 22:55 30-06-2017

Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են դրամաշնորհային համաձայնագրեր

Հունիսի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են դրամաշնորհային համաձայնագրեր «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում: Եվրոպական միության Հարևանության ներդրումային գործիքի միջոցով 3.5 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավարի պաշտոնակատար Անժելա Սաքսը, իսկ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամի միջոցներից 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիրը՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավարի պաշտոնակատար Անժելա Սաքսը և ՎԶԵԲ-ում E5P հիմնադրամի տնօրեն Էվա Մանիկը: «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը» նպատակ ունի աջակցել ՀՀ-ին` բարելավելու կոշտ թափոնների կառավարումը ծրագրում նշված մարզերում: Ծրագրի ներդրումային բաղադրիչների մեջ, մասնավորապես, ներառված են` թափոնների հավաքման բեռնատարները, թափոնների համար կոնտեյներները/արկղերը, թափոնների հավաքման նոր կետերը, նոր աղբավայրի կառուցումը (ներառյալ շինություններն ու կառույցները), աղբավայ­րի աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումները, փոխանցման կայանների շինարարությունը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 11 մլն եվրո: Բացի վերը նշված դրամաշնորհային միջոցներից՝ ծրագիրը ներառում է նաև 5.5 մլն եվրո արժողությամբ վարկային միջոցներ, որոնք տրամադրվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից:

Նմանատիպ նյութեր