211652_close_icon
views-count10616 դիտում article-date 23:21 23-06-2017

ՀՀ Ազգային ժողովի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության միջեւ ստորագրվել է նամակ-համաձայնագիր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը հունիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահում ստորագրել են նամակ-համաձայնագիր, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր: ՀՀ Ազգային ժողովի ծրագիրն անմիջականորեն կիրականացվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը համաձայնագրի ստորագրումից հետո նշել է. «Այսօր մենք ստորագրեցինք մի կարեւոր փաստաթուղթ, որը նոր որակի համագործակցության մեկնարկ է: ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ Ազգային ժողովին վերապահված լիազորությունները եւ խորհրդարանի դերի բարձրացումը ենթադրում են օրենսդիր մարմնի գործառույթների ընդլայնում, մշտական հանձնաժողովների եւ աշխատակազմի կարողությունների կատարելագործում»: Արա Բաբլոյանը, կարեւորելով լավագույն փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը, նշել է, որ խորհրդարանը բաց է համագործակցության համար, եւ առաջիկայում համատեղ ջանքերով մշակվելիք ծրագրերը կիրականացվեն: Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն իր խոսքում ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը, ունենալով խորհրդարանական կառավարման երկարամյա փորձ, ողջունում է Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունները, որոնց նպատակը երկիրը խորհրդարանական կառավարման հանրապետություն դարձնելն է: Դեսպանի խոսքով՝ այս համաձայնագրի ստորագրումը հնարավորություն է տալիս սերտ կապեր հաստատելու երկու խորհրդարանների միջեւ՝ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները եւ աշխատակազմի կարողությունները զարգացնելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր