211652_close_icon
views-count9254 դիտում article-date 19:39 14-06-2017

Մուխթարլըի գործով փաստաբանը դատի է տվել դատախազությանը, իրավապաշտպանները դիմել են վարչապետին

Աֆղան Մուխթարլըի վրացի փաստաբանները դատի են տվել Թբիլիսիի դատախազությանը: Այդ մասին ադրբեջանական «Թուրան» գործակալությանը հայտնել է նրա վրացի փաստաբան Արչիլ Չոպիկաշվիլին: Բողոքի հիմքում այն է, որ Աֆղան Մուխթարլըին և նրա կնոջը չի տրվել «տուժողի» կարգավիճակ: «Մենք դիմել ենք Վրաստանի քննչական մարմիններին և պահանջել Աֆղան Մուխթարլըին և Լեյլա Մուստաֆաևային տրամադրել «տուժողի» կարգավիճակ: Այդ պահանջը միանգամայն օրինական է», -ասել է փաստաբանը: Միևնույն ժամանակ մի շարք լրագրողական և իրավապաշտպան միջազգային կազմակերպություններ Ադրբեջանցի լրագրողի գործով միասնական նամակ են ուղարկել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Այս մասին հայտնում է aliq.ge-ն: «Վերոնշյալ ապշեցնող փաստի պատճառով ոչ միայն հնարավոր է կտտանքների ենթարկեն և ձերբակալեն լրագրողին, այլ նաև նախադեպ է ստեղծում, որի պատճառով Վրաստանում բնակվող Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր պատսպարվել էին Վրաստանում, իրենց անվտանգ այլևս չեն զգա: Վերջին շրջանում մի շարք անկախ լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպաններ և քաղաքացիական հասարակության այլ անդամներ լքել են Ադրբեջանը: Նրանցից շատերը ապաստան են գտել Վրաստանում՝ մտածելով, որ այստեղ ապահով է, ցավոք, այլևս նրանք անվտանգության զգացողություն չեն ունենա»,- նշված է նամակի մեջ: Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ պետք է հստակ ուղերձ հնչի առ այն, որ հարևան երկրի ապօրինի գործողությունները Վրաստանի ներսում անհանդուրժելի են: Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանությունների քննադատությամբ հայտնի լրագրող Աֆղան Մուխթարլըին առևանգել են Թբիլիսիում մայիսի 29-ին և գաղտնի տեղափոխել Ադրբեջան, որտեղ նրան մեղադրել են սահմանն ապօրինի հատելու և մաքսանենգության մեջ: Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանցի լրագրողի առևանգման առնչությամբ:

Նմանատիպ նյութեր