211652_close_icon
views-count7999 դիտում article-date 16:06 03-06-2017

Վրաստանում ակտիվիստները ներկ են լցրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի վրա

Անհայտ անձինք հունիսի 2-ի գիշերը կարմիր ներկ են լցրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող հուշարձանի վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Ներկը լցվել է Հեյդար Ալիևի հուշարձանի վրա կատարված գրությունը ծածկելու նպատակով: Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ` արդեն 5 օր է տեղական լրագրողներն ու ակտիվիստները Վրաստանում ցույցեր են անցկացնում ի պաշտպանություն Թբիլիսիում առևանգված և գաղտնի Ադրբեջան տեղափոխված լրագրող Աֆղան Մուխտարլի: Հիշեցնենք, որ Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերեն: Նրան նստեցրել են մեքենա և դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը և տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներեն: Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, և այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ: Լրագրողի փաստաբանն արդեն հանդիպել է նրան և փաստել, որ քթի և ճակատի հատվածում երևում են ծեծի հետքեր, աչքերի տակ կապտուկներ են: Աֆղանն ասել է, որ կրծքավանդակում ուժեղ ցավեր ունի, կարծում է, որ կողի կոտրվածք է ստացել: Սաբաիլի շրջանային դատարանը Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի նկատմամբ որպես խափանման միջոց է ընդունել երեքամսյա կալանքը:

Նմանատիպ նյութեր