211652_close_icon
views-count5988 դիտում article-date 19:48 01-06-2017

Զվարթնոց տաճարի տարածքը վերածվել էր մանկության մոլորակի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 1-ը ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը համախմբել էր փոքրիկներին, նաև` կարճ ժամանակով մանուկների մոլորակում հայտնվելու ցանկություն ունեցող մեծերին: 7-րդ դարի տաճարի հարակից տարածքում, տանտիրոջ իրավունքով, հաստատվել էին փոքրիկ ու չարաճճի էակները` իրենց խինդ ու ծիծաղով համակելով ամենքին։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն արել էր հնարավորը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում հեքիաթային մթնոլորտ ստեղծելու համար։ Դեպի տաճար տանող ճեմուղին վերածվել էր մեծ ցուցասրահի: Նկարակալների վրա ներկայացվել էին Էջմիածնի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները։ Փոքրիկ հրաշամանուկները նաև տոնական համերգային միջոցառման «տերերն» էին: Զվարթնոցի տաճարի հարթակում տոնական բարձր տրամադրությունն ապահովում էին հենց երեխաները: Ելույթներով հանդես են եկել Էջմիածին քաղաքի Հայորդաց տան, «Սոֆի Դևոյան» մշակույթի կենտրոնի Էջմիածնի մասնաճյուղի, Էջմիածնի քաղաքապետարանի Կոմիտասի անվան մշակույթի պալատի, Մակար Եկմալյանի անվան թիվ 1 և Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցների սաները։ Մինչ տաճարի հարթակում երաժշտական կատարումներ էին հնչում, արգելոց-թանգարանի տարածքում հավաքված բազմաթիվ փոքրիկներին հրաշքներ գործող ուրախ ծաղրածուն ու հեքիաթների հերոսները անակնկալներ էին մատուցում. զվարճալի խաղեր, պաղպաղակի հյուրասիրություն և այլն։ Ուրախ տոնախմբության վերածված միջոցառումը մանկության զարմանահրաշ աշխարհ էր տեղափոխել նաև մեծերին: Միջոցառման ավարտին մասնակիցներին ՊՈԱԿ-ի տնօրենության անունից շնորհակալագրեր հանձնվեցին: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր