Երևանում բացվեց «Շինարարություն և ինտերյեր» 10-րդ ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2017.05.19 21:15


Երևանում բացվեց «Շինարարություն և ինտերյեր 2017» 10-րդ հոբելյանական ցուցահանդեսը:
Այն գործելու է «Երևան էքսպո» ցուցահանդեսային կենտրոնի տարածքում՝ մինչև մայիսի 21-ը: Ցուցահանդեսի կազմակերպման աջակիցներից է նաև «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամը: Ցուցահանդեսին մասնակցում է մոտ 120 ընկերություն Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի խոսքով՝ այսօր մեր երկրում արտադրվող շինանյութը մրցունակ է ոչ միայն տարածաշրջանային շուկայում, այլև կարող է որակի առումով մարտահրավեր նետել առաջատար եվրոպական և համաշխարհային արտադրողներին: Ցուցահանդեսի աջակիցներից՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի խոսքով՝ շինարարական, ճարտարապետական և դիզայներական կազմակերպությունների դերը մեծ է տնտեսական ճգնաժամը հաղթահարելու գործում:
Ցուցահանդեսի կազմակերպիչ «Պրոմ Էքսպո» ընկերության տնօրեն Արման Զաքարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և մասնակիցներին: Նա նշեց, որ ցուցահանդեսի 10-ամյա գործունեությունը և տարեցտարի ավելացող աշխարհագրությունը վկայում են շինարարության, ճարտարապետության և ներքին հարդարման ոլորտի հանդեպ աճող հետաքրքրության մասին: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում Ռուսաստանի արևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն, պաշտոնատար անձինք, հյուրեր արտասահմանից:
###
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը, ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:
