2919 դիտում
17:21 24-05-2017
«Իմ փոխարեն խոսում են տիկնիկները». Երևանում բացվեց վիրահայ արվեստագետ Արմեն Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի աջակցությամբ Տիկնիկների պատկերասրահի «Dolls’ Gallery» սրահում տեղի ունեցավ վիրահայ արվեստագետ Արմեն Հովհաննիսյանի «Տիկնիկների աշխարհ» անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:
Ողջունելով ներկաներին՝ Տիկնիկների պատկերասրահի գեղարվեստական ղեկավար Մարինա Խաչմանուկյանը նշեց, որ իրենց համար կրկնակի տոն է, քանի որ պատկերասրահում առաջին անհատական ցուցահանդեսն է կազմակերպվել:
Փոխանցելով ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը՝ նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն ընդգծեց, որ Արմեն Հովհաննիսյանի տիկնիկներն ամբողջությամբ հայկական են: «Ապրելով և ստեղծագործելով երբեմնի հայ մշակույթի կենտրոն Թբիլիսիում` Արմենն իրեն լավագույնս դրսևորել է արվեստի համարյա բոլոր բնագավառներում և բազմիցս արժանացել բարձր գնահատականի, սակայն արվեստի նրա սիրած ճյուղը տիկնիկագործությունն է: Մինչ օրս Արմենը ստեղծել է 200-ից ավելի տիկնիկ և հասցրել է իր լավագույն գործերը ներկայացնել արվեստասեր հասարակության գնահատանքին՝ ինչպես Վրաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս կազմակերպված տարբեր միջոցառումների և ցուցահանդեսների ժամանակ, - նշեց նախարարի տեղակալը՝ հավելելով, - այսօրվա ցուցահանդեսը հայ-վրացական բարեկամության մի յուրօրինակ արտահայտություն է, քանի որ Արմենի ստեղծած խոսուն տիկնիկների հավաքածուն Հայրենիքում է և ներկայանում է հայաստանցի հանդիսատեսին թիֆլիսյան ինքնատիպ կոլորիտով: Հեղինակը յուրովի է կերտել Փարաջանովի, Թումանյանի, Կոմիտասի կերպարները: Ուրախալի է, որ Արմենը երիտասարդ է և ունի բազմաթիվ նոր մտահղացումներ ու նախաձեռնություններ»:
Սերժ Սրապիոնյանը տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիրը, որով նա պարգևատրվել է վիրահայ համայնքում հայ մշակույթի զարգացման ու տարածման գործում ներդրման համար, ինչպես նաև ծննդյան 30-ամյակի առթիվ:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀԱԵ Վիրահայոց թեմի Սբ. Էջմիածին եկեղեցուն կից գործող «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը՝ նշելով, որ Արմենի այս ցուցադրությունը խորհրդանշական է: Այն վկայում է, որ վիրահայերի տաղանդը նոր ծիլեր է տալիս և առաջիկայում կյանքի կկոչվի հեղինակի՝ շրջիկ տիկնիկային թատրոն ստեղծելու մեծ երազանքը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը ցուցադրությանն աջակցելու համար՝ ՀԱԵ Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանն ասաց. «Կարծում եմ՝ ոչ բարի տիկնիկներ չեն լինում: Այս սրահը մեզ տարավ դեպի մեր մանկություն: Արմեն Հովհաննիսյանը նաև բանաստեղծ է և հրաշալի ստեղծագործությունների հեղինակ: Նրա տիկնիկներն արժանացել են նաև վրացիների ուշադրությանն ու հիացմունքին, տեղ գտել և՛ վրացական, և՛ հայկական տիկնիկների թանգարաններում»:
Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ հեղինակը՝ Արմեն Հովհաննիսյանը: Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ իր ստեղծագործությունները Երևանում ներկայացնելու համար և ընթերցեց իր բանաստեղծություններից մեկը: «Ես չեմ ուզում խոսել: Առաջարկում եմ դիտել իմ տիկնիկները, նրանք կխոսեն իմ փոխարեն», - նշեց հեղինակը:
Նշենք, որ ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 27-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
631 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
433 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը