211652_close_icon
views-count3559 դիտում article-date 18:39 19-05-2017

Նախագահ Թրամփը երկարատև շրջագայության է մեկնում Սաուդյան Արաբիա, Իսրայել, Վատիկան, Իտալիա, Բելգիա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին շրջագայության է մեկնում Մերձավոր Արևելքի երկրներ և Եվրոպա, որը կդառնա նրա առաջին արտասահմանյան ուղևորությունը պետության ղեկավարի պաշտոնում, տեղեկացնում է [url=http://edition.cnn.com/2017/05/19/politics/donald-trump-foreign-trip-preview/index.html]CNN[/url]-ը: Սպասվում է, որ մայիսի 20-ին ԱՄՆ-ի ղեկավարը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում հանդիպում կունենա այդ երկրի Սալման բեն Աբդել Ազիզ աս Սաուդ թագավորի հետ: Երեկոյան Թրամփը և նրա տիկինը՝ Մելանյան, հրավիրված են թագավորական ընտանիքի հետ հանդիսավոր պաշտոնական ընթրիքի: Հաջորդ օրը պլանավորված են ԱՄՆ-ի նախագահի հանդիպումները Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ղեկավարների հետ: Մայիսի 21-ի կեսօրին Թրամփը ճառով հանդես կգա 50-ից ավելի իսլամական երկրների ղեկավարների առջև: Թրամփի հաջորդ կանգառը կլինի Իսրայելում, ուր նա ուղևորվելու է մայիսի 22-ին: Երուսաղեմում նա հանդիպում կունենա Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ: Նա կայցելի Հոլոքոստի «Յադ վա-Շեմ» թանգարան, ավելի ուշ նրան կընդունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Մայիսի 23-ին Միացյալ Նահանգների նախագահը Բեթղեհեմում հանդիպում կանցկացնի Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ: Մայիսի 24-ին ԱՄՆ-ի նախագահը կայցելի Վատիկան, որտեղ նրան կընդունի Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Հռոմից Բրյուսել ուղևորվելուց առաջ Թրամփը հանդիպում կունենա Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ: Մայիսի 25-ին Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Գագաթնաժողովի շրջանակներում, մասնավորապես, ճաշկերույթ է պլանավորված Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սա կլինի երկու ղեկավարների առաջին հանդիպումը: Բացի այդ, Բելգիայի մայրաքաղաքում նախատեսված են հանդիպումներ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ, ինչպես նաև Բելգիայի Ֆիլիպ թագավորի և Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ: Նախքան Իտալիա վերադառնալը, որտեղ մայիսի 26-27-ին կանցկացվի G7 գագաթնաժողովը, ԱՄՆ-ի նախագահը և ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների համար կազմակերպվող հանդիսավոր ընթրիքին: Սպասվում է, որ G7-ի գագաթնաժողովում Դոնալդ Թրամփը «կպաշտպանի Ամերիկայի տնտեսական առաջատարությունը, ինչպես նաև ուշադրություն կհատկացնի առևտրի հարցերին»: Մայիսի 27-ին ԱՄՆ-ի նախագահը կվերադառնա Վաշինգտոն:

Նմանատիպ նյութեր