211652_close_icon
views-count2960 դիտում article-date 16:20 11-05-2017

Հայաստանի տարածքով մուլտիմոդալ փոխադրումների հանդեպ իրանական կողմի հետաքրքրությունը աճում է

Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մայիսի 3-4-ը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության պետ Արսեն Մուսոյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն Իրանում էին: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ գործարարների, տրանսպորտային ընկերությունների և 46 նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ով մեծ աջակցություն է ցուցաբերել հանդիպման կազմակերպման և անցկացման հարցում: Քննարկման ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներկայացրել է Հայաստանի տարածքով, այդ թվում երկաթուղային ենթակառուցվածքի օգտագործմամբ, Իրանից եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման նախագիծը: Փոխադրումների՝ այս միջանցքի գործարկման ուղղությամբ աշխատանքները շարունակական են, քանի որ նախարարության գերակայություններից է Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծավալի մեծացումը: Գերմանական և վրացական երկաթուղիների աջակցությամբ արդեն իսկ կայացել է առաջին թեստային փոխադրումը Դույսբուրգ-Թեհրան երթուղով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության դիրքորոշումը ներկայացրել և ներկաներին հուզող հարցերին պատասխանել է Երկաթուղու վարչության պետ Արսեն Մուսոյանը: Հանդիպմանը ներկա 120 գործարարներ և տրանսպորտային ընկերությունների ղեկավարներ մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ներկայացվող այս այլընտրանքային նախագծի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր