3632 դիտում
14:59 29-04-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ Նորին Արքայական Մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին, ով Հայաստան է ժամանել Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով՝ մասնակցելու ԵՊԲՀ-ի և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին»:
Հանրապետության Նախագահը դրվատանքի արժանի է համարել Նորին Արքայական Մեծության մասնակցությունը Հայաստանում կազմակերպված առողջապահության բնագավառի կարևոր և արդիական այդ միջոցառմանը։ Նախագահի համոզմամբ, նման միջոցառումները քաղցկեղի վերաբերյալ կարծրատիպերը ջարդելու լավագույն ձևերից են, և մեծ նշանակություն ունեն այդ ծանր հիվանդությունը վերապրած անհատների ցայտուն օրինակները:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ արքայադուստր Դինա Միրեդը իր անձնական փորձով, ինչպես նաև ի պաշտոնե՝ որպես Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ, կարևոր դերակատարություն կունենա քաղցկեղի կանխարգելման և ուռուցքաբանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցության հաստատման ու զարգացման գործում։
Հանդիպմանը Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 2014 թվականին Հորդանան կատարած իր պաշտոնական այցը՝ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է Հորդանանի հետ ակտիվացնելու քաղաքական երկխոսությունն ու ամրապնդելու երկկողմ հարաբերությունները:
Նորին Արքայական Մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդը շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության համար և նշել, որ անչափ ուրախ է գտնվել հիասքանչ Հայաստանում, որի մասին շատ է լսել իր երկրում, որտեղ հայկական մեծ և հասարակության կողմից հարգանք ու վստահություն վայելող համայնք կա: Որպես Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահ՝ Դինա Միրեդը ներկայացրել է Հայաստան իր այցի հիմնական նպատակը, խոսել իր գլխավորած կազմակերպության գործունեության ու ծրագրերի մասին և Հանրապետության Նախագահի հետ քննարկել Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի գործում հաջողության հասնելու հնարավարոթյուններն ու ուղիները: Զրուցակիցները երկուստեք կարևորել են այդ նպատակով ազգային ծրագրի մշակումը, որի իրագործմանը, արքայադուստր Միրեդի հավաստմամբ, Քաղցկեղի վերահսկման միջազգային միությունը և շահագրգիռ այլ կազմակերպություններ պատրաստ կլինեն աջակցություն ցուցաբերել: Հորդանանի արքայադուստրը զրույցի ընթացքում ընդգծել է նաև քաղցկեղածին ազդեցություն ունեցող երևույթներից մեկի՝ ծխելու դեմ պայքարի անհրաժեշտությունը՝ ողջունելով վերջին տարիներին այդ ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքը և խնդրել է հետևողականորեն շարունակել պայքարը առողջության համար չափազանց վտանգավոր այդ երևույթի դեմ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1375 դիտում
20:49 29-10-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը Ամմանում հանդիպում է ունեցել Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ
6003 դիտում
08:38 14-02-2018
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն հարցաքննության կանչել հաղորդավարուհի Դինա Ակոպովնային. «Ժողովուրդ»
Այս բաժնից
496 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
580 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է