211652_close_icon
views-count12223 դիտում article-date 23:03 23-04-2017

Սպիտակ տան առջև մոմավառություն-ցույց է կազմակերպվել

Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամպի նստավայրի՝ Սպիտակ տան առջև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շաբաթ երեկոյան մոմավառություն էր կազմակերպել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է [url=http://www.amerikayidzayn.com/a/3821905.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: «Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր նախնիներին, այն հզոր մարդկանց, ովքեր գնացին բոլոր զրկանքների, մեր վերապրումն ապահովելու համար»,- նշում է մոմավառության մասնակից Ռուբեն Սահակյանը։ Նրա խոսքով, մոմավառության նպատակն է նաև հիշեցնել Ամերիկային իր իսկ ավանդական արժեքների մասին. «Հենց Ամերիկան ավելի քան 2 միլիարդ դոլար հանգանակեց 1915-1923-ին ցեղասպանություն վերապրած հայերին, հույներին և ասորիներին փրկելու համար, հենց Ամերիկան է ճանաչել Հայոց ցեղասպանությունը 1951-ին, 1975-ին, 1981-ին և 1985-ին»: Հիշեցնենք, Հայոց ցեղասպանությունն իր հայտարարությամբ պաշտոնապես ճանաչած Միացյալ Նահանգների նախագահն էր Ռոնալդ Ռեյգանը։ Չգրված ավանդույթի համաձայն ԱՄՆ-ի նախագահը յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին պաշտոնական հայտարարությամբ է հանդես գալիս, որը նվիրված է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածներին․Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբաման իր հայտարարություններում կոտորածներն անվանել էր «Մեծ եղեռն» և նույնիսկ հիշատակել «ցեղասպանություն» եզրը ստեղծող՝ լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինին։ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, նախագահ Թրամպի առջև պարզ ընտրություն է․ «Մենք այստեղ ենք, որպեսզի նախագահ Թրամփին ասենք, որ ապրիլի 24-ին Ամերիկայի ձայնը բարձրացնելու և արդարության կողքին կանգնելու կամ արդարությունը Թուրքիայի ճնշման տակ կոծկելու ընտրություն ունի»։

Նմանատիպ նյութեր