211652_close_icon
views-count10785 դիտում article-date 10:02 20-07-2017

«Չենք լռելու». ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև բողոքի ցույց է կազմակերպվել. «Ամերիկայի ձայն»

«Մենք չենք լռելու», - այս կարգախոսի տակ անցավ հայ, քուրդ և եզդի համայնքների ցույցը Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև: Ցույցն անցնում էր ի բողոք մայիսի 16-ին հենց այստեղ տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահները ծեծի էին ենթարկել Էրդողանի դեմ ցույցի դուրս եկած ամերիկացիների: «Մենք խորապես վիրավորված ենք, որ նա իր ավազակների հետ միասին միջամտեց խաղաղ ցույցին», - նշում է կոնգրեսական Մքգավերնը: Կոնգրեսական Ջոն Սարբանեսի խոսքով, նա երբեք չէր պատկերացնի, որ նման բան հնարավոր է ամերիկյան հողում. «Դա ցույց է տալիս, թե որքան խորն են արմատավորված Թուրքիայում բռնությունը, ագրեսիան և միապետությունը»: Չնայած շոգ և խոնավ եղանակին, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև բողոքելու դուրս էին եկել ազգությամբ հայ, քուրդ և եզդի տասնյակ ամերիկացիներ:Մայիսի 16-ի միջադեպը տեսագրած Վաշինգտոնում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, ցույցը սկզբունքային հարց է. «Մենք այսօր այստեղ ենք, որ Թուրքիային ասենք, որ այն իրավունք չունի մերժելու ամերիկացիների իրավունքները»: Համբարյանի կարծիքով, տարիներ շարունակ Թուրքիան փորձել է ազդել Միացյալ Նահանգների քաղաքականության վրա՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխարգելելու նպատակով, իսկ տեղի ունեցած միջադեպն այդ քաղաքականության գագաթնակետը դարձավ: Ցույցին միացած կոնգրեսականների խոսքով, Թուրքիայի նախագահը փորձեց իր երկրի ներսում հալածանքների և ճնշումների գործելաոճը տարածել նաև ամերիկյան հողի վրա. «Փողոցի այն կողմից նա ուղարկեց իր ավազակներին, որպեսզի ծեծի ենթարկեն բողոքի իրենց իրավունքից օգտվող մի խումբ ամերիկացիների»: Ազդեցիկ կոնգրեսական Դեյնա Ռորաբահերի խոսքով, Միացյալ Նահանգների ժողովրդից ներում ստանալու համար Էրդողանը պետք է ամերիկյան դատարանին հանձնի ծեծին մասնակցած անձնական թիկնապահներին. «Մինչև ներողություն չխնդրի Ամերիկայի ժողովրդից այն բանի համար, որ իր ավազակները ծեծի են ենթարկել Ամերիկայի քաղաքացիների, Էրդողանին Միացյալ Նահանգներում ոչ ոք չի սպասում»: Բողոքի ցույցի մասնակիցներից մի քանիսը դեսպանի նստավայրի առջև էին եկել սաղավարտներով, հիշեցնելով Թուրքիայում ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման մասին: Նախկին դատավոր, իսկ այժմ կոնգրեսական Թեդ Փոն նշեց, որ եկել է հիշեցնելու բոլորին, որ ամերիկյան հողն ազատ հող է. «Միայն այն միտքը, որ արտերկրյա բռնակալ կարող է Միացյալ Նահանգներ գալ և հենց այնտեղից իր մարդկանց ուղարկել ամերիկացիներին ամերիկյան հողում ծեծի ենթարկելու, ինքնին անհեթեթ է»: Նշենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես դատապարտել է միջադեպը և արգելել Թուրքիային որոշ զինատեսակների վաճառքը: Միացյալ Նահանգները նաև պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայության մի շարք աշխատակիցների: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3951031.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր