211652_close_icon
views-count6857 դիտում article-date 10:55 22-04-2017

Գալիս է ազգայնականների ժամանակը. մոտակա 10-20 տարում դրանք կերևան «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինձ թվում է, մոտակա պատմական ապագայում Հայաստանում հաջողության են հասնելու ազգայնական քաղաքական ուժերը: Չգիտեմ, թե երբ է դա տեղի ունենալու, գուցե 10 կամ 20 տարի հետո, բայց հետևելով մեր երկրի և աշխարհի զարգացումներին, կարելի է կանխատեսել հետևյալը. եթե հայտնվի լուրջ ազգայնական ուժ, ապա այն կստանա շատ լայն աջակցություն, և դրա դեմ անզոր կլինեն փողը, ճնշումները և կեղծիքները: Գուցե դա լինի խիստ մոդիֆիկացված Դաշնակցությունը, գուցե ձևավորվի նոր շարժում, բայց , կարծես թե, այդ ճանապարհն է երևում: Անձամբ ինձ այդ ճանապարհը դուր չի գալիս՝ ես շատ ուրախ կլինեմ, եթե մանր և միջին սեփականատերերը՝ մարդիկ, որոնք հարուստ չեն, բայց կարողանում են «գլուխները պահել», կարողանան ինքնակազմակերպվել և ձևավորել իշխանություն, որը կարտահայտի իր շահերը: Այդ խավն է ազատական գաղափարախոսության հիմքը, ոչ թե մերօրյա ֆեոդալները՝ աղքատիկ ներաշխարհով և նույնքան աղքատիկ բառապաշարով: Օլիգարխներին խաղի կանոններ պետք չեն, նրանց պետք են արտոնություններ, անվերահսկելիություն և «անթափանցություն»: Բայց իրապես ազատական կարգեր հաստատելու համար պետք են (մի զարմացեք) շատ խիստ, նույնիսկ կասեի՝ դաժան բարոյական, գուցե կրոնական սահմանափակումներ: «Թասիբով», «ջիգյարով» և «մաղարիչով» կապիտալիզմ չես կառուցի, այն հնարավոր է կառուցել արժանապատվությամբ, ինքնազսպմամբ և բծախնդիր պարկեշտությամբ: Քանի դեռ մեր հասարակությունն այս արժեքները չի դավանում, միջին խավ չի ձևավորվում: Ոչ էլ իսկական շուկայական հարաբերություններ: Այնուամենայնիվ, պետությունն ու հասարակությունը արդիականացման կարիք ունեն: Ստալինի, Հիտլերի կամ Պինոչետի տարբերակը Հայաստանում չի անցնի՝ ռեսուսրներ չկան: Ուրեմն պետք կլինեն ինչ-որ գաղափարներ, եթե ուզում ենք՝ մոլորություններ, որոնց շուրջ հասարակությունը կհամախմբվի: Դրանք, ենթադրում եմ, կլինեն ազգայնական գաղափարները: Մի քանի օլիգարխ, մի քանի տոկոս միջին խավ և ավելի քան 90 տոկոս լյումպեններ ունեցող հասարակությանը անհնաժեշտ են պատրանքներ, որոնց հետևից այդ ճնշող մեծամասնությունը կգնա: Առայժմ այդ «արժանահավատ պատրանքները» չկան: Հակառակ դեպքում մեծամասնությունը չէր գնա 10 հազարանոցների հետևից: Վաղը դրանք կերևան: Նկատի ունեմ մոտակա 10-20 տարում: Այդ պատրանքները կարող են հանել պետությունը ճահճացած վիճակից: Իհարկե, դրանք նաև շատ վտանգավոր են: Բայց ուրիշ ճանապարհ առայժմ չեմ տեսնում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր