7227 դիտում
11:38 29-09-2017
Գալիս է իսկական լրագրության ժամանակը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Դոնալդ Թրամփը կրկին դժգոհեց լրատվամիջոցներից, որոնք իրեն ակնհայտորեն չեն սիրում՝ խոսքը, մասնավորապես, «Նյու Յորք թայմզի» և «Վաշինգտոն փոստի» մասին է: Նրա ասածի իմաստը հետևյալն է՝ դուք իմ մասին փիս-փիս բաներ եք գրում, փոխարենը ժողովուրդն ինձ սիրում է: Դե, չգիտեմ, գուցեև սիրում է, չնայած սոցհարցումներն ասում են, որ ԱՄՆ ներկայիս նախագահի վարկանիշը բավականին ցածր է:
Բայց Թրամփն այս անգամ խարազանեց ոչ միայն լրատվամիջոցներին, այլև... Ֆեյսբուքը, որն, իր կարծիքով, վերոհիշյալ «դուշման» թերթերի հետ միասին դավադրություն է կազմել ամերիկյան ներկայիս իշխանության դեմ: Այդ քաղաքական գործիչը, ինչպես և աշխարհի տարբեր ծայրերում ապրող 70-ն անց մարդկանց մեծամասնությունը, չի հասկանում, թե Ֆեյսբուքն ինչ է` նրան թվում է, թե դա ինքնուրույն կոնտենտ ստեղծող մի լրատվամիջոց է, որը կարող է իրեն կողմ կամ դեմ լինել:
Իրականում Ֆեյսբուքն ավելի շատ նման է մի ցանկապատի, որի վրա կարելի է գրել անպարկեշտ արտահայտություններ (ինչպես և սովորաբար լինում է), բայց կարելի է գրել աշխարհի ամենախորիմաստ փիլիսոփաների մտքերը: Ճիշտ է, սեռական հայհոյանքների կողքին նման մտքերը կարող են և չկարդացվել, և ավելին` հայհոյանքներ սիրողները գուցե դրանից զայրանան: Բայց Ֆեյսբուքն այն պատն է, որտեղ կան «անկյուններ» բոլորի, այդ թվում` Թրամփի կամ, ասենք, Պուտինի երկրպագուների և «չուզողների» համար: Պատը չեզոք է, անտարբեր է՝ իր վրա հայհոյանքնե՞ր են գրվում, թե՞ գովասանքներ: Կամ, եթե այլ համեմատություն անենք՝ տրանսպորտի միջոցի համար միևնույն է՝ դուք կարտոֆի՞լ եք տեղափոխում, թե՞ արքայախնձոր:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ֆեյսբուքի և կայքերի պայմաններում փոխվում է մեդիադաշտի ամբողջ կառուցվածքը: Դառնալով հայաստանյան իրականությանը` արձանագրենք. հիմա 90-ականների առաջին կեսերը չեն, որ, ասենք, «Գոլոս Արմենիին» և «Երկիրը» իշխանությունների մասին միայն վատն էին գրում, իսկ «Հայքը» և «Հայաստանի Հանրապետությունը»՝ միայն լավը, և դա մեծ ազդեցություն էր ունենում հասարակության վրա: «Իշխանամետ» և «ընդդիմադիր» բնորոշումները, որոնք «տեղից» սխալ էին ԶԼՄ-ների կիրառությամբ, այժմ առավել անիմաստ են: Ուզո՞ւմ ես հինգհարկանի հայհոյանք գրել իշխանությունների հասցեին, գրիր ֆեյսբուքում որքան ցանկանում ես, ուզում ես դա անել որոշակի պարբերականությամբ, բացիր կայք, արա ինչ ուզում ես: Լրատվամիջոց ես, թե չէ՝ Աստված գիտի: Եթե չկա սահմանը, ուրեմն չկա նաև «կողմնորոշումային» բաժանումը: «Պայքարող տեսա՞կ» ես, խնդրեմ՝ պայքարիր «պատի վրա», քեզ թերթերն ու հեռուստաընկերություններն այլևս պետք չեն: Քեզ դասում ես «կյանքից նեղացածների», «անարդարություններից տուժածների» շարքի՞ն, էլ կարիք չկա գնալու խմբագրություն և լրագրողին պատմելու քո «դարդերի» մասին, միացրու համակարգիչը և լաց եղիր՝ որքան ուզում ես:
Եվ այս իրավիճակում ամեն ինչ ոչ թե խճճվում է, ինչպես ոմանք են կարծում, այլ հակառակը՝ «պարզաջրվում է»: Հենց հիմա է, որ գալիս է իսկական լրագրության ժամանակը, լուր հայտնելու, պատմություն պատմելու արհեստի պահանջարկը: Ուրիշ հարց, թե ինչպես ես դու հասցնում այս պատմությունը՝ «ոտքո՞վ»՝ տպագիր թերթի միջոցով, «սայլո՞վ»՝ հեռուստատեսությամբ և ռադիոյով, թե՞ «բեռնատար մեքենայով»՝ համացանցի միջոցով: Բոլոր ձևերն էլ, ինձ թվում է, պետք է լինեն»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7055 դիտում
10:55 22-04-2017
Գալիս է ազգայնականների ժամանակը. մոտակա 10-20 տարում դրանք կերևան «Առավոտ»
2830 դիտում
11:43 28-03-2019
Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» կներկայացվի ընթերցողներին
Այս բաժնից
1219 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»