211652_close_icon
views-count10728 դիտում article-date 20:25 03-04-2017

80 լարի՝ նետված ծխուկի համար. Թբիլիսիում սկսել են գործել տուգանքներ աղբի համար

Ապրիլի 3-ից Թբիլիսիի կենտրոնական թաղամասերում հերթապահություն կիրականացնեն սև բաճկոններով մարդիկ, ովքեր փողոցների աղտոտման համար կտուգանեն և՛ ընկերություններին, և՛ անհատ անձանց: Այսօրվանից փողոցում աղբ նետելն այլևս անվնաս զբաղմունք չէ: Առաջին փուլում «Թբիլսերվիս խմբի» տեսուչները կսկսեն վերահսկել կենտրոնական թաղամասերը և հանրահայտ զբոսաշրջային վայրերը: Սկզբում նրանք կլինեն քսանը: Առաջին երկու շաբաթը նրանք տուգանքներ չեն կիրառի. կվարեն կանխարգելիչ զրույցներ և նախազգուշացումներ կանեն սպասվող պատժամիջոցների մասին: Մինչդեռ, տուգանքները լուրջ են և տարածվում են ցանկացած տեսակի աղբի վրա, օրինակ, փողոցում նետված ծխուկի, պոլիէթիլենային տոպրակի, սննդի մնացորդների կամ տնային կենդանիների կղանքի վրա: Ընդհանուր 2 կգ քաշով աղբով (այդ թվում նաև ծխուկների) աղտոտման համար նախատեսված է 80 լարի տուգանք (33 դոլար), իսկ եթե աղբը նետված է շենքի պատուհանից, ապա՝ 100 լարի (42 դոլար): 2 կգ-ից ավել քաշով աղբի դեպքում տուգանքը կկազմի 150 լարի, նույն քաշով աղբը շենքի պատուհանից նետելու դեպքում՝ 500 լարի: Նոր կարգավորման համաձայն՝ շների կամ այլ տնային կենդանիների կղանքով տարածքի աղտոտման դեպքում նախատեսված է տուգանք 50 լարիի չափով: Իսկ եթե ընտանի կենդանու տերը մաքրի աղտոտված տարածքը, նա կազատվի տուգանքից: Առանձին պատժամիջոցներ են նախատեսված նաև անվադողերի դեն նետելու համար. 1-ից 5 դեն նետված անվադողի համար նախատեսված է 150 լարի տուգանք, իսկ եթե դրանց թիվը 5-ից ավել է, ապա՝ 500 լարի: Այս կարգավորումը չի տարածվում հեծանիվների անվադողերի վրա: Շրջակա միջավայրի՝ վտանգավոր թափոններով աղտոտման դեպքում նախատեսված է ֆիզիկական անձանց տուգանում 400 լարիի չափով և իրավական անձանց՝ 1000 լարիի չափով: Տուգանքները կկիրառվեն ապրիլի 17-ից: Առաջին փուլում տեսուչները կվերահսկեն քաղաքի կենտրոնական հատվածը, զբոսաշրջային վայրերը, հրապարակները, մարդաշատ հասարակական վայրերը: Նրանք կտեղաշարժվեն ոտքով, սակայն դա ամենևին չի ազատի պատասխանատվությունից վարորդներին: Օրինակ, եթե տեսուչը նկատի, որ վարորդը մեքենայի պատուհանից ծխուկ է նետել, նա կարող է փոխանցել համապատասխան տեղեկատվությունը պարեկային ոստիկանությանը, որն ինքը կպատժի նման վարորդին: Տեսուչները իրենց հետ կունենան տեսա- և ֆոտոխցիկներ, այդ իսկ պատճառով օրենքը խախտողներին չափազանց դժվար կլինի արդարանալ: [url=https://jam-news.net/?p=29295&lang=hy]JamNews[/url]

Նմանատիպ նյութեր