211652_close_icon
views-count4300 դիտում article-date 20:05 25-03-2017

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու-2016» յոթ հատորների շնորհանդեսը

Ուսանողական գիտական պարբերականի էջերում տեղ են գտել 179 հոդվածներ, որոնք ընտրվել են 400 զեկուցված հոդվածներից: Զեկուցումներից հետո հոդվածներն անցել են գրախոսության փուլը, այնուհետև երաշխավորվել տպագրության: Խմբագրման և սրբագրման աշխատանքների ավարտից հետո էլ դրանք տեղադրվել են ԵՊՀ ՈՒԳԸ կայքում: Հոդվածների էլեկտրոնային տարբերակները հասանելի են եղել դեռևս 2016 թ.-ի սեպտեմբերից: ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը, ողջունելով և շնորհավորելով հոդվածագիրներին, նշեց, որ սա ուսանողական կառույցի հերթական ձեռքբերումներից մեկն է, որը հարյուրավոր երիտասարդների հնարավորություն է ընձեռում իրենց գիտական ուսումնասիրությունները տպագրելու ԲՈՀ-ի (Բարձրագույն որակավորման հանձնաժողով) կողմից երաշխավորված գիտական պարբերականում: Թեև ՈՒԳԸ-ն չունի գործող խմբագրություն, այնուամենայնիվ կարողանում է աշխատանքները ժամանակին համակարգել և նախաձեռնել այնպիսի միջոցառումներ, որոնք միտված են գիտական հոդված գրելու և սրբագրելու առանձնահատկություններին: ՈՒԳԸ-ականները պարբերաբար իրականացնում են նաև խմբագրական աշխատանքներ: Նրանք գործի են դնում իրենց մասնագիտական փորձը, հնարավորությունները և օգնում, որպեսզի հոդվածները ժամանակին տպագրվեն: ՈՒԳԸ նախագահը հոդվածների տպագրման հիմնական խնդիրները կապում է տեխնիկական և ֆինանսական գործոնների հետ: Բանն այն է, որ հոդվածներից շատերը երաշխավորման փուլ անցնելու խնդրով պայմանավորված՝ շատ հաճախ ուշ են հասնում խմբագրական խորհրդի անդամներին: Մեկ այլ խնդիր է նաև սրբագրման աշխատանքների կազմակերպումը, որը երկար ժամանակ է պահանջում: Մեր այն հարցին, թե որ ոլորտներում է հոդվածների տպագրման ակտիվություն նկատվում, Մհեր Հակոբյանը պատասխանեց. «Արդեն տարիներ շարունակ լավագույն եռյակում են հայտնվում Հայ բանասիրության, Պատմության և Իրավագիտության ֆակուլտետների բաժանմունքների աշխատանքները: Այստեղ ներկայացվող զեկուցումները քանակական առումով այնքան շատ են, որ դրանք երբեմն տպագրվում են առանձին հատորներով»: Մհեր Հակոբյանը փաստեց նաև, որ համամասնության խախտման խնդիրը հասկանալի պատճառաբանություն ունի. «Չէ՞ որ բնագիտական ոլորտում ավելի դժվար է հոդվածներ պատրաստել և գիտական նորույթ բացահայտել»: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Քնար Միսակյանի համար սա արդեն երկրորդ տպագրված գիտական հոդվածն էր: Ըստ նրա՝ սա մի ուրույն հարթակ է ուսանողների համար, որը թույլ է տալիս ոչ միայն տպագրված տեսնել երկարատև աշխատանքի արդյունքը, այլև կատարելագործվել և ավելի մոտենալ գիտական աշխարհին: Ի դեպ, «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու»-ի 7-րդ հատորը հատուկ թողարկում է, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հատորում տեղ գտած հոդվածները վերաբերում են ցեղասպանության խնդիրներին, որոնք արտացոլվել են տարբել ոլորտներում: Տեղեկացնենք նաև, որ ՈՒԳԸ գիտական հոդվածների ծողովածուները տպագրվել են ՀԵՀ ֆինանսական աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր