211652_close_icon
views-count3909 դիտում article-date 19:45 23-03-2017

Ստեփանակերտում անց է կացվում «Ծէր շենը տիր քարտեզին յիրան» խորագրով վերապատրաստման դասընթացներ

Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, կարևորելով երիտասարդության շրջանում ոչ ֆորմալ կրթության խթանումը, «Երիտասարդության ինքնաիրացման և զարգացման պայմանների ապահովում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Ծէր շենը տիր քարտեզին յիրան» խորագրով վերապատրաստման դասընթացներ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետ Անի Կապլանյանն ասել է, որ առաջին անգամ է, որ Արցախում կազմակերպվում է նման խորագրով վերապատրաստման դասընթացներ: «Դասընթացին մասնակցում են 18-30 տարեկան 44 հոգի: Ծրագրի նպատակն է դասընթացի մասնակիցներին ցույց տալ, թե ինչպես կարելի է համայնքներում զարգացնել տուրիզմը: Կարծում եմ՝ այս դասընթացները խթան կհանդիսանան, որ երիտասարդներն ուղիներ փնտրեն ստացած գիտելիքներն իրենց համայնքների զարգացման գործում կիրառելու»,-մասնավորապես ասել է Ա. Կապլանյանը: ՀՀ-ից հրավիրված ծրագրի դասընթացավար «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի տնօրեն, հնէաբան Ռոբերտ Ղուկասյանը մեզ հետ զրույցում ասել է, որ հիմնադրամի գլխավոր նպատակն է սեփական ուժերով ծայրամասային գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելն ու օժանդակելը: «Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղը, որտեղ ես եմ ապրում, այս ծրագիրն այնտեղ առաջինն եմ իրականացրել, քանի որ այնտեղ մեծ արտագաղթ կար, և գյուղը կանգնած էր շատ բարդ ու դժվար խնդիրների առաջ: Մենք շեշտը դրեցինք այն ամենի վրա ինչ ունեինք՝ մի կողմ թողնելով դժվարությունները: Այժմ Կալավանը դարձրել ենք զբոսաշրջային վայր, որտեղ ամեն տարի մեծ թվով զբոսաշրջիկներ ենք ունենում,-ասել է Ռ. Ղուկասյանը և ընդգծել,- ես, արմատներով արցախցի լինելով, հեշտությամբ կարող եմ այստեղ աշխատանքներ իրականացնել: Ծրագրի հաջողությունը շատ տեսանելի է լինելու Արցախում: Արցախցիները պատրաստակամ են իրականություն դարձնել այս գործը, իսկ ես ամեն ինչով աջակցելու եմ, որ երիտասարդության ծրագրերը իրականանան: Համոզված եմ, որ բարձր ինտելեկտ ունեցող արցախցիներն ինքնուրույն ուժերով կարող են զարգացնել իրենց համայնքները»: Ռ. Ղուկասյանի խոսքով՝ ինքը որոշ ժամանակ Արցախում է լինելու, որպեսզի խթանի ծրագրի իրականացմանը: «Կաշխատեմ Կալավան այցելող զբոսաշրջիկների մի մասը ուղարկել Արցախ,-խոստացել է դասընթացավարը և հավելել,- ցանկացած գործ սկսելու համար անհրաժեշտ են ցանկություն և կամք. դրանք դասընթացի մասնակիցներն ունեն»: Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի պատմության ուսուցիչ Մխիթար Ոսկանյանը, ով դասընթացի մասնակից է նշել է, որ ինքը հետաքրքրված է ծրագրով: «Մեզ մոտ ձևավորվում է մի նոր աշխարհայացք: Հաջողություններ ունենալու դեպքում մեր համայնքում մենք ամռանը հյուրեր կընդունենք Ֆրանսիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից. մենք նրանց կներկայացնենք համայնքի ռեսուրսները, և այն խթան կհանդիսանա, որ զբոսաշրջիկները ցանկանան գյուղն ավելի մոտիկից տեսնել ու ճանաչել, հիանալ ու զարմանալ Արցախի ճարտարապետական կոթողներով, վայելել արցախյան բնության հրաշքներով»,-ասել է Մ. Ոսկանյան: [url=https://artsakhpress.am/arm/news/63970/stepanakertum-anc-e-kacvum-tser-sheny-tir-qartezin-yiran-khoragrov-verapatrastman-dasyntacner.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր