211652_close_icon
views-count14660 դիտում article-date 09:30 23-03-2017

Ջրականում (Ջաբրայիլ) զոհված Տիգրան Բերակչյանի դպրոցում նշեցին նրա ծննդյան 20-րդ տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

1997 թվականի մարտի 22-ին Երևանի Քանաքեռ համայնքում բնակվող Բերակչյանների ընտանիքում ծնվեց առաջնեկը` Տիգրանը: Ընկերասեր, աշխույժ և անմիջական տղա էր դեռ փոքր տարիքից, իսկ հետո նաև դպրոցական տարիքում և բանակում: Ընտանիքի մոր համար իր աշխույժ տղան հույսի աղբյուր էր: Նա հուսով էր, որ դպրոցն ավարտելուց հետո զինծառայության անցած իր մեծ տղան ժամանակին կգա տուն և իր փոքր` Նարեկ եղբոր և հայրիկի հետ կվերակառուցի իրենց փոքրիկ պապական տունը, սակայն Տիգրանը չեկավ` անմահացավ: Դեռ զինծառայության մեկնելուց առաջ Տիգրանն Արցախում ծառայելու ցանկություն էր հայտնել և այդպես էլ եղավ. զինվորական հավաքակայանում կայացած վիճակահանության արդյունքում նրան բաժին ընկավ Արցախը և նա ուղևորվեց Ջրականի պաշտպանական շրջան (Ջաբրայիլ): Սահմանապահ-նռնակաձիգի ռազմական մասնագիտությունը յուրացնելուց հետո անցավ հայրենի հողի սահմանները պաշտպանելու սրբազան պարտականությանը: 2016-ի ապրիլի 2-ին, երբ ադրբեջանական պետությունը սանձազերծեց իր կայծակնային պատերազմի ռազմագործողությունները, Արցախյան առաջնագծում իր մարտական հերթապահություն էր իրականացնում նաև նա: Դիմակայելով գերակշիռ թվաքանակով թշնամիների գրոհին՝ նա իր զինակից ընկերների հետ չի նահանջել և չի հանձնվել ու անհավասար կռվում մարտ վարելու ընթացքում զոհվել է՝ մահացու վերքերից արնաքամ լինելով: Ինչպես հետագայում պարզեց բժշկական փորձաքննությունը, Տիգրանը պայթյունաբեկորային և հրազենային վնասվածքներ էր ստացել պարանոցի և ոտքի հատվածում: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիություն» մեդալներով: Մարտի 22-ին Տիգրանը կդառնար 20 տարեկան, ինչի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դրամաշնորհով և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության շնորհիվ իրականացվող «Դուք մենակ չեք» ծրագրի շրջանակներում Բերակչյանների ընտանիքին այցելեց նաև ՂՊՎ պատվիրակությունը: «Դուք մենակ չեք» ծրագրի շնորհիվ Բերակչյանների ընտանիքի հետ մտերմացած ազատամարտիկ Սամվել Թամազյանը ՂՊՎ պատվիրակությանը ծանոթացրեց Բերակչյան ընտանիքի անդամների, նրանց սոցիալական խնդիրների ու հուզող հարցերի հետ, ինչից հետո ՂՊՎ պատվիրակությունն ու ներկաներն այցելեցին Տ. Բերակչյանի գերեզմանին: Այնուհետև ՂՊՎ պատվիրակությունը ուղևորվեց Երևանի Հ117 միջնակարգ դպրոց, որտեղ էլ հենց ժամանակին սովորել է Տիգրանը: Դպրոցում կայացավ Տ. Բերակչյանի անունով անվանակոչված նորաստեղծ պատմության դասասենյակի բացման հանդիսությունը: Դասասենյակը բացելու պատիվը տրվեց Տիգրանի կրտսեր եղբորը՝ Նարեկին: Դպրոցի դահլիճում մեկնարկեց դպրոցականների կազմակերպած և Տիգրանի ծննդյան տարեդարձին նվիրված հանդիսությունը: Երեխաների թատերական բեմականացումից և համերգային կատարումներից հետո ձայնը տրվեց ՂՊՎ փոխնախագահ, պահեստազորի գնդապետ Վրեժ Եղիազարյանին, ով ՂՊՎ նախագահ Յուրի Միքայելյանի անունից Տ. Բերակչյանի ծնողներին փոխանցեց ՂՊՎ սահմանած և Տիգրան Էդուարդի Բերակչյանին հետմահու շնորհված «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալը: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր