211652_close_icon
views-count1330 դիտում article-date 12:05 21-03-2017

Գարեգին Բ կաթողիկոսը հանդիպել է Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետի հետ

Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 20-ին, Հելսինկիի Լյութերական-Ավետարանական Մայր Տաճարում հանդիպեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետ, Տուրկույի արքեպիսկոպոս Կարի Մեկկինենի հետ: Արքեպիսկոպոս Կերի Մեկկինենի բարիգալստյան խոսքից հետո ներկա հավատացյալներին ու լյութերական հոգեւորականներին իր պատգամն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունն իր խոսքում մասնավորապես ասաց. «Այսօր փառք եւ գոհություն ենք մատուցում առ Բարձրյալ Տերը, որ կրկին առիթ ընծայեց Մեզ այցելելու ձեր գեղեցիկ երկիրը՝ հրավերով Ձեր եւ Ֆինլանդիայի Օրթոդոքս Եկեղեցու առաջնորդ, Կարելիայի եւ համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Լեոյի` իբրեւ մեր Եկեղեցիների միջեւ հաստատված սիրո եւ եղբայրական հարաբերությունների վկայություն: Մենք խորին գոհունակությամբ ենք վերհիշում տասներեք տարի առաջ կատարած մեր այցը Ֆինլանդիա, եւ փառք ենք բարձրացնում առ Բարեգութն Աստված, որ մեր Եկեղեցիների եղբայրական հարաբերությունները շարունակում են զորանալ ու ամրապնդվել: …Այսօր, երբ աշխարհը կանգնած է տնտեսական, մարդասիրական ու բնապահպանական ճգնաժամերի, ազգային-կրոնական հակամարտությունների եւ օրեցօր ավելացող անհանդուրժողականության, ահաբեկչությունների, եղեռնական ոճիրների ցավալի փաստերի առաջ, Մենք խորապես մտահոգված ենք մարդկության կյանքին սպառնացող վտանգներով, հրատապ լուծման կարոտ մարտահրավերներով, ինչպես եւ Մերձավոր Արեւելքում տիրող ծանր իրավիճակով: Այդ տարածաշրջանում իսլամական ծայրահեղական խմբավորումների կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների պատճառով նվազում է քրիստոնյաների պատմական ներկայությունը, որոնց թվում են նաեւ հայկական համայնքներն Իրաքում եւ Սիրիայում: Հայ Եկեղեցին միջեկեղեցական եւ միջկրոնական երկխոսության ճանապարհով իր կարելին է ներդնում հակամարտությունների օջախներում խաղաղության ու կայունության ամրապնդման, մարդասիրական արժեքները հարգելու եւ ապահով ու ստեղծարար կյանքն անխաթար պահելու կամքի զորացման համար, ինչպես եւ հնարավորինս օգնություն հասցնում պատերազմական իրավիճակներից տուժածներին, փախստականներին: Մեր Եկեղեցու խաղաղարար գործունեությունը ծավալվում է նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում: Այսօր Ղարաբաղի Մեր ժողովուրդը Ադրբեջանի կողմից հրահրվող ամենօրյա պատերազմի վտանգի ներքո, շրջափակման պայմաններում հաճախ իր զավակների արյան գնով է պաշտպանում իր ազատ կյանքը եւ անկախությունը պատմական իր հայրենիքի՝ Արցախի Հանրապետության: Այս հիմնախնդրի կարգավորման գործում գնահատելի են Ֆինլանդիայի ջանքերը, որը եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահներից մեկը, ինչպես նաեւ՝ այս գործընթացում ներգավված ֆին դիվանագետների գործունեությունը: …Մեր հանդիպման եւ միասնական աղոթքի առիթով գնահատանքի եւ շնորհակալության Մեր խոսքն ենք ուղղում Ֆինլանդիայի Լութերական եւ Ուղղափառ քույր Եկեղեցիներին՝ հանձինս Ձեր, սիրեցյալ եղբայր, եւ Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Լեո արքեպիսկոպոսի, Ֆինլանդիայի բարեխնամ իշխանություններին մեր ժողովրդի զավակների հանդեպ դրսեւորվող բարյացակամության ու բարեկամության համար, որ արտահայտությունն է մերձավորի հանդեպ տերունապատվեր սիրո պատգամի՝ վկայված ֆին բարեպաշտ ժողովրդի ողջ պատմության ընթացքին եւ մարդասիրության, որն առաջնորդել է Ֆինլանդիայի Ավետարանական-Լյութերական եկեղեցու միսիոներական առաքելության աշխարհի տարբեր երկրներ: Այս հոգենորոգ պահին Մենք աղոթք ենք բարձրացնում քաղաքական ու տնտեսական խնդիրներից ու հակամարտություններից ալեկոծվող աշխարհի խաղաղության համար, որպեսզի մարդկությունը կարողանա կառուցել իր բարօր ու ապահով ապագան: Թող Երկնավոր Տերն ամրապնդի ու զորացնի եղբայրական ազնիվ զգացումներն ու սերն Իր Սուրբ Եկեղեցում, շնորհ եւ օրհնություն բաշխի Իր Անվանը հավատացող բոլոր քրիստոնյաներին` ի պայծառություն Ընդհանրական մեկ եւ միասնական Սուրբ Եկեղեցու, այժմ եւ հավիտյանս. Ամեն»: Աշխարհում եւ մասնավորապես Մերձավոր Արեւելքում ու Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար միջեկեղեցական աղոթքից հետո Մայր Տաճարի սրահում տեղի ունեցավ նաեւ երկու եկեղեցապետերի պաշտոնական հանդիպումն ու նվերների փոխանակումը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Շվեդիայում եւ Ֆինլանդիայում ՀՀ լիազոր եւ արտակարգ դեսպան տիար Արտակ Ապիտոնյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր