211652_close_icon
views-count2183 դիտում article-date 10:56 14-03-2017

Փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ հասարակությունը դա ցանկանա. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստանում չեն կարող լինել ազատ-արդար ընտրություններ: Մի երկրում, որտեղ ընտրողների մեծ մասն աղքատներ և ուզվորներ են, սպասում են «թագավորների» եւ «իշխանների» ողորմությանը, համբուրում են ֆեոդալների ձեռքերն ու ոտքերը, այդպիսի երկրներում «պառլամետ», «նախագահ», «կուսակցություններ», «քաղաքական պայքար» հասկացությունները կարելի է կիրառել խիստ վերապահումներով: Նույնիսկ այն աներևակայելի դեպքում, եթե խորհրդարանն ինչ-որ հրաշքով ամբողջությամբ կազմված լինի Սաակաշվիլիներից, Իվանիշվիլիներից և Լի Կուան Յուներից, միևնույն է՝ այդ հրաշալի անձնավորությունները ոչինչ չեն կարողանա փոխել, քանի դեռ չկա փոխելու պահանջարկը` պետություն ունենալու պահանջարկը, ոչ թե սեփական գործերը դզել-փչելու և կենցաղային պահանջները բավարարելու: Նրանք, ովքեր հույս ունեն, որ երկիրը կարող է փոխվել ընտրությունների միջոցով (խոսքն այն քաղաքացիների մասին է, ովքեր իսկապես նման հույս ունեն, ոչ թե «դերասան» ու փարիսեցի քաղաքական գործիչների մասին), այդ մարդիկ մոլորության մեջ են: Բայց դա չի նշանակում, որ ընտրություններ չպիտի կայանան, և որ դրանք պետք է վիժեցվեն. նրանք, ովքեր կողմ են զինված քաղաքական պայքարի, ռևկոմների և գիլիոտինների, նրանք առավել ևս սխալ ուղու վրա են` Հայաստանի պարագայում դա բերելու է պերմանենտ հեղաշրջումների: Պարզապես ընտրություններին որպես ինչ-որ «ճակատագրական պահի» պետք չէ վերաբերվել՝ դրանք լավ առիթ են «քաղաքական վերնախավի» և դրա առաջարկած գաղափարների արժեքը գնահատելու, և քանի որ մթնոլորտը քաղաքականացված է, հաղորդել հասարակությանը երկու գաղափար՝ 1/ փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ հասարակությունը դա ցանկանա. ամեն մեկի՝ սեփական գործերը «դզելու» ձգտումը փոփոխության ցանկություն չէ: 2/ հասարակության պահանջարկի ձևավորումը կարող է տեղի ունենալ միայն դանդաղ և միայն համբերատար, նպատակաուղղված լուսավորչական աշխատանքով: Օրինակ՝ մի քանի տարի պահանջվեց, որ մարդիկ հասկանան, որ ամրագոտի կապելը և կարմիր լույսի տակ կանգնելը «էս անտեր պետության» հնարածը չի, դա պետք է հենց այն մարդկանց, ովքեր նստած են ղեկին: Երևի ևս մի քանի տարի կանցնի, և մարդիկ կգիտակցեն, որ արագաչափերը սահմանված արագությունը չգերազանցելու համար են՝ ի հեճուկս այս ընտրություններում կուսակցությունների ամբոխահաճո քարոզչության: Եվս մի քանի տարուց կամ տասնամյակից հայաստանցիները կհասկանան, որ եթե դու մանր չինովնիկ ես և մանր կաշառքներ ես վերցնում, ապա իրավունք չունես բողոքելու «էս անիրավ երկրից» և մեծ չինովնիկների մեծ կաշառքներից: Եվ այսպես շարունակ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր