211652_close_icon
views-count3237 դիտում article-date 21:04 28-02-2017

Նախագահը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ տիկին Մոգերինիի հետ հերթական հանդիպումը կայանում է Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների համար կարևորագույն պահի, երբ մեկ օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հայտարարվեց նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Սերժ Սարգսյանը հատկանշական է համարել, որ դեռևս մեկ տարի առաջ Երևանում կայացած հանդիպմանը քննարկում էին Հայաստան-Եվրամիություն նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը, որի մեկնարկը ժամանակին տիկին Մոգերինին անձամբ է ազդարարել: Նախագահ Սարգսյանն այդ ձեռքբերումը փոխադարձ հանձնառության և երկու կողմերի թիմերի նվիրված ու լուրջ աշխատանքի արդյունքն է համարել: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահն ընդգծել է, որ, հիրավի, կարելի է գոհունակությամբ խոսել վերջին երկու տարիների համատեղ ձեռքբերումների մասին: ԵՄ բարձր ներկայացուցչի հետ ՀՀ Նախագահի հանդիպմանը ևս, ինչպես նախորդ օրը կայացած ԵՄ կառույցների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ, անդրադարձ է եղել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին, Սահմանադրության փոփոխություններից հետո իրականացվող լայնածավալ աշխատանքներին` ուղղված երկրում ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նախագահը, ի պատասխան տիկին Մոգերինիի հարցի, ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և շնորհակալություն հայտնել ընտրությունների անցկացմանը ԵՄ աջակցության համար: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, առկա խնդիրներն ու մտահոգությունները: Նախագահը հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի ապակառուցողական պահվածքն ու այդ երկրի կողմից ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով ու նաև Հայաստանի պետական սահմանի վրա պարբերաբար հրահրվող սադրանքները, հրաժարումը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումից, որոնք, ըստ նրա, հարցականի տակ են դնում միջազգային հանրության՝ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված երկարամյա ջանքերը և ողջ բանակցային գործընթացը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր