211652_close_icon
views-count4461 դիտում article-date 20:21 25-02-2017

ԱՀ ԱԺ «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի պատգամավորների հայտարարությունը

Տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ վարվող այլատյացության քաղաքականությանն այս օրերին գումարվել է նաև համաշխարհային հանրության, մասնավորապես բարի կամքի տեր մարդկանց նկատմամբ ահաբեկումն ու անհանդուրժողականությունը: «Լապշինի գործում» թվացյալ հաջողություն արձանագրելուց հետո Ադրբեջանի կեցվածքն ավելի լկտի ու սանձարձակ է դարձել՝ այս անգամ թիրախավորելով Եվրախորհրդարանի, տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորների, հասարակական ու քաղաքական գործիչների: Արցախ այցելելու և սահմանադրության հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այս անգամ էլ հանդես է եկել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Էլենի Թեոխարուսի և Յարոմիր Շտետինայի դեմ քրեական գործ հարուցելու մասին հայտարարությամբ: Մենք մեծապես կարևորում ենք աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար քաղաքական գործիչների կողմից ձեռնարկվող քայլերը և վերահաստատում մեր աջակցությունը նրանց ջանքերին: Մենք արժևորում ենք Ադրբեջանի շանտաժներին չենթարկվելու ԵԽ պատգամավորների վճռականությունը, փաստում, որ նրանց վարքագիծը եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու իրողության լավագույն դրսևորումն է: Մենք՝ ԱԺ «Արցախի հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի պատգամավորներս, կոչ ենք անում միջազգային կառույցներին, հասարակական ու քաղաքական գործիչներին համարժեք քայլերով զսպել Ադրբեջանի հակաիրավական և հակամարդկային քայլերը, որոնք ամենաթողության տպավորություն են ստեղծում Բաքվի իշխանությունների մոտ և մեծապես վնասում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամներ՝ Վահրամ Բալայան Արամ Գրիգորյան Ռամելա Դադայան Վարդգես Ուլուբաբյան Գեորգի Պետրոսյան Դավիթ Մելքումյան Վարդգես Բաղրյան Գագիկ Բաղունց Հայկ Խանումյան Ստեփանակերտ 25 փետրվարի, 2017 թ.

Նմանատիպ նյութեր