211652_close_icon
views-count111026 դիտում article-date 21:19 23-02-2017

Խոշոր ավտովթար ու հրդեհ Ծովագյուղում. բախվել են վիսկիով բարձված բեռնատարը, Opel-ն ու 09-ը. վերջինները վերածվել են մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար ու խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում՝ Ծովագյուղի վարչական տարածքում, բախվել են Դիլիջան քաղաքի բնակիչներ, 39-ամյա Գարիկ Գևորգյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 34 CC 28 համարանիշի, 29-ամյա Էմիլ Ղազարյանի վարած Opel Vectra մակնիշի 15 ՏՍ 753 համարանիշի և, ըստ նախնական տեղեկությունների, Վրաստանի քաղաքացու կողմից վարած DAF մակնիշի XTX278 համարանիշի բեռնատար ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով 09-ը գլխիվայր շրջվել է, իսկ Opel-ում ու 09-ում խոշոր հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտկան հաշվարկով՝ մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերխումբը՝ Սևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոտիկանությսն 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի մեծ թվով աշխատակիցներ՝ վաշտի հրամանատար, փոխգնդապետ Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար, գնդապետ Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Ճանապարհային ոստիկանները Սևանի ոստիկանների հետ մեծ դժվարությամբ դեպքի վայրից հեռացնում են հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի հրշեջները կարողանան ազատ աշխատել: Ուժեղ բուքը մեծ դժվարություն է առաջացնում՝ թե ճանապարհային ոստիկանների և թե հրշեջների համար: Հրշեջներին օգնում են նաև մեծ թվով Ծովագյուղի բնակիչներ: 2 ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի, իսկ գրեթե մասամբ վնասվել է նաև DAF մակնիշի ավտոմեքենան, որը բարձված է մեծ քանակի վիսկիով: Ըստ նախնական տեղեկությունների՝ բեռնատարը վթարի մասնակից չի եղել, այլ Opel-ն ու 09-ը բախվել են միմյանց, ինչից հետո էլ մեքենաներից մեկը բախվել է բեռնատարին: Այդ տեղեկությունը Սևանի ոստիկանությունն ու ճանապարհային ոստիկանությունը պարզում են: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունքի մարզային քննչական վարչություն, բայց քանի որ պարզվել է, որ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան՝ ապա վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, Սևանի ճանշինը կատարել է ճանապարհի մշակման աշխատանքներ, պարզապես ուժեղ բուքը վայրկյանների ընթացքում նորից ճանապարհը լցնում է ձյունով: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր