211652_close_icon
views-count2245 դիտում article-date 18:41 10-08-2026

Պարզվել է Երևանի Գայի պողոտա - Բաղյան փողոցի խաչմերուկում «Kia»-ի (Վիշկա) և «Hongqi»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վարորդների ինքնությունը. քննչական բաժինը ձեռք է բերել նաև վթարի պահի տեսագրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Տիգրան Գալստյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է օգոստոսի 7-ին Գայի պողոտա-Բաղյան փողոցի խաչմերուկում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «Kia»-ն (Վիշկա) վարել է Երևանի բնակիչ 48-ամյա Գուրգեն Խաչատրյանը, իսկ «Hongqi»-ն վարել է Երևանի բնակիչ 49-ամյա Արմեն Խաչիկյանը։

Բախման հետևանքով «Kia»-ն կողաշրջվել էր, իսկ «Hongqi»-ն շարունակելով ընթացքը, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհամերձ հատվածում տեղադրված՝ խաչմերուկների անուններն ազդարարող սյանը, որն ընկել էր կայանված «Kia» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Վթարի հետևանքով վարորդներից Գ․ Խաչատրյանը տեղում մահացել էր, ում մարմինն ավտոմեքենայից դուրս էին բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 7-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում Գայի պողոտա - Բաղյան փողոցի խաչմերուկում բախվել էին «Kia»-ն (Վիշկա) և «Hongqi»-ն։

Վթարի հետևանքով «Kia»-ն կողաշրջվել էր, վարորդն արգելափակվել էր ավտոմեքենայում և տեղում մահացել էր։

Նրա մարմինը դուրս բերելու համար ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատարի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնել էր՝ բախման հետևանքով ճանապարհին տեղադրված ցուցանակը կոտրվել և ընկել էր կայանված մեկ այլ «Kia»-ի վրա։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր նաև բացառիկ տեսանյութ, թե ինչպես էր տեղի ունեցել ողբերգական վթարը։ Տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 158+
158+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր