211652_close_icon
views-count2430 դիտում article-date 19:16 10-02-2017

ՍԱՊԾ-ն և PUM-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և «Նիդերլանդների առաջատար փորձագետներ» հիմնադրամի` PUM-ի, Հայաստանի կոորդինատոր Ալբերտ Ուաթերինգսը փետրվարի 10-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ինչը Հայաստանի սննդի շղթայի տնտեսավարողների համար միջազգային փորձն ու գիտելիքները ուսումնասիրելու և գործնականում կիրառելու հնարավորությունների լայն դաշտ է ստեղծում: Հուշագրի ստորագրմանը ներկա էին նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Իոս Դաուման, ՍԱՊԾ պետի տեղակալ Լուսինե Դավթյանը, սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը, ինչպես նաև ՓԱՄ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Սուրեն Խուդավերդյանը և «Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը: PUM-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն, իր ավելի քան 3.000 կամավոր- փորձագետների կարճաժամկետ խորհրդատվական առաքելությունների միջոցով, աջակցում է գործարարությանը զարգացող երկրներում՝ նպաստելով փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը: ՍԱՊԾ ղեկավարը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի առաջնահերթությունները և, այդ համատեքստում, կարևորել տնտեսավարողներին պետական վերահսկողության շրջանակներում նախևառաջ համապատասխան մասնագիտական գիտելիքներով ու խորհրդատվությամբ ապահովելու անհրաժեշտությունը: «Այս հուշագրով ամրագրվող համագործակցության հիմնական նպատակն է աջակցել այն տնտեսավարողներին, որոնց մոտ, պետական վերահսկողության իրականացման արդյունքում, հայտնաբերվել են խախտումներ, թերություններ, շեղումներ: Հոլանդացի բարձրակարգ փորձագետների ներգրավումը, նրանց կուտակած երկարատև փորձի, գիտելիքների ու հմտությունների օգտագործումը սննդամթերքի անվտանգության ոլորտում ցանկալի արդյունքի հասնելու լրացուցիչ հնարավորություն է»,- ասել է Իշխան Կարապետյանը: Ծառայության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ մասնագիտական կարողությունները զարգացնելու և որակը բարելավելու արդյունքում արտադրված սննդամթերքը ոչ միայն կգոհացնի մեր սպառողներին, այլև կդառնա առավել մրցունակ արտաքին շուկայում: Պարոն Ուաթերինգսը խոսել է կազմակերպության ծառայություններից օգտվելու ընթացակարգի, ծրագրին դիմող կազմակերպությանը ներկայացվող չափանիշների մասին՝ հավաստիացնելով, որ իրենց կողմից ոչ միայն կբավարարվեն հրավիրվող փորձագետին ներկայացվող պահանջները, այլև երաշխավորեց՝ ակնկալվող արդյունքները կլինեն գոհացուցիչ. այդ մասին են վկայում Հայաստանում հաջողությամբ իրականացված 53 գործարար ծրագրերը: Նա նշել է, որ սննդամթերքի անվտանգությունը հանդիսանում է կազմակերպության հիմնական թիրախներից մեկը և գոհունակություն հայտնել, որ Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է ոչ թե տնտեսավարողներին պատժելու, այլ՝ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու սկզբունքով: Դեսպան Իոս Դաումանը, բարձր գնահատելով Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության այս ձևաչափն ու նոր ոլորտը, ողջունել է որակի միջազգային չափանիշների ներդրմանն ուղղված քայլերը և ուշագրավ համարել, որ այսօր լրանում է նաև երկու երկրների միջև համագործակցության 25 տարին:

Նմանատիպ նյութեր